«Մենք ունենք տզրուկային մի 50 ընտանիքից բաղկացած խավ, որը երկիրը իր կլանումով ծանր կացության առաջ է կանգնեցրել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Նախախորհրդարանի համակարգող, սիստեմային վերլուծաբան Գարեգին Չուգասզյանը:
Չուգասզյանի կարծիքով վերջին քաղաքական զարգացումները, հանրության ինքնակազմակերպումը, հավաքները ցույց տվեցին, որ սին են այն բոլոր պատկերացումները և ասածները, որ մեր ժողովորդը ծախված է և չի ուզում իր կամքին և արժանապատվությանը տեր կանգնել:
Այժմ, վերջինիս խոսքով, նախախորհրդարանի հիմնական խնդիրը շուտափույթ կազմակերպումն է և համխմբումը նոր ընտրախավի, նոր որակի պետության տեսլականի շուրջ: Չուգասզյանը նաև կարևորում է նոր ընտրախավի ձևավորման գործում Սփյուռքի գործոնը.
«Սփյուռքը հզոր ներուժ է, որը պետք է մաքսիմալ օգտագործել», -ասաց նա:
Իսկ նախախորհրդարանի քարտուղարության անդամ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանի խոսքով մեր երկիրը դեռ չի վերածվել ինքնիշխան պետության և այժմ հայտնված է միջանկյալ վիճակում:
«Հայությունը չտեսավ այն ամբողջական համակարգը, որը կարող էր բավարարել իր արարչական հակումները»,-ասաց նա և ավելացրեց, որ այս հարցի լուծումը կնպաստի նրան, որ մարդիկ կկարողանան իրենց գտնել նաև մեր կառավարման համակարգում, կկարողանան լիարժեք ինքնարտահայտվել և հետևաբար չեն արտագաղթի:
Ըստ նախախորհրդարանի անդամի, այսօր տիրող կառավարման համակարգը ըստ էության գաղութատերերի շահերին ծառայող մակաբույծ համակարգ է, որտեղ տեղի «իշխանիկները» սեփական շահերն են հետապնդում:
Ինչ վերաբերվում է նախահորհրդարանի մյուս անդամին` Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին, նա Րաֆֆի Հովհաննիսյանի հետ լավ հարաբերությունների մեջ է, սակայն ասաց, որ ժառանգություն կուսակցության ղեկավարի վերաբերյալ ևս խոսք ունի ասելու.
«Մենք ուրախ ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նման ջերմ անաձնավորությունն այսօր հանել է մի այնպիսի հարթակի, որը մեծ պատասխանատվություն է կրում: Միաժամանակ մենք ունենք մտավախություններ չկրկնելու նախորդ ընդիմադդիր բևեռների սխալները, այս իմաստով ես ունեմ բարձրաձյանելու մի քանի մտքեր»,- ասաց Սեֆիլյանը և ի վերջո բարձրաձայնեց դրանք:
Ըստ նրա, մենք պետք է գնահատականը ճիշտ կատարենք:1996 թվականից նախագահական ընդիամադիր թեկնածուները հաղթել են, սակայն գործող ռեժիմը թույլ չի տվել, որ այդ արդյունքները իրականություն դառնան: Այսինք, Րաֆֆին առաջին ընդիմադիր թեկնածուն չի ըստ էության, ով ընտրություններում հաղթանակ է տարել:
Նրա երկրորդ խոսքը «նկատողությունը» վերաբերվում էր Ժառանգություն կուսակցության ղեկավարի արած արտահայտությանը.
«Սերժ Սարգսյանին կոչելով «պարոն նախագահ» ես կարծում եմ կոպիտ սխալ ենք անում: Այն մարդը, որը արյունով զավթել է մեր երկրի նախագահի «աթոռը պարոն նախագահ» կոչելը ճիշտ չէ», ասաց նա և ավելացրեց,որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքավարի է թող նրան կոչի «պարոն Սարգսյան», բայց ոչ երբեք «պարոն նախագահ»: