ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանն այս պահին գտնվում է ԱԺ-ում և հանդիպումներ է ունենում խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Առաջինը նա հանդիպեց ԲՀԿ խմբակցության հետ:

Մեզ հետաքրքիր էր, թե ինչ նոր մոտեցումներ կներկայացնի ՎՊ նախագահի այս պահին դեռ թեկնածուն ԱԺ-ում ընտրվելու դեպքում և ինչ նոր գործիքներ կկիրառի բյուջեի վերահսկողության հետ կապված: Այսօր ԱԺ-ում Իշխան Զաքարյանի հետ ԲՀԿ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Մեր պատգամավորները շատ ակտիվ հարցադրումներ հնչեցրեցին, գիտեք, շատ կարևոր է, բնականաբար թիվ մեկ գործը բյուջեի վերահսկողությունն է և օրինախախտումները հայտնաբերելը, բայց մենք անցած տարիների փորձով գիտենք, որ միշտ պատժվում են մանր ձկները՝ կատարողները, իսկ հիմնական պատասխանատուները միշտ այսպես չոր են դուրս գալիս ջրից», - նշեց նա:

Նա նշեց, որ իրենց համար շատ կարևոր է այն աշխատանքը, որ կատարվում է՝ բյուջեի վերահսկողություն, բայց մեզ համար նաև գերակա է, որ բացահայտելուց, ԱԺ ամբիոնում հնչեցնելուց թե որ ոլորտում ինչքան գանձագողություն է եղել, պատասխանատվություն կրեն իրական գանձագողները, ոչ թե մի քանի կլաս, մի քանի աստիճան ցածր կատարողները, սա է խնդիրը, բազմաթիվ հարցեր հնչեցին, ինչ վերաբերում է քվեարկությանը, ապա մինչև քվեարկություն խմբակցությունն անպայմանորեն ևս մեկ նիստ կհրավիրի», - պարզաբանեց նա: