Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ` Շանթ Հարությունյանի գործողությունները պետք չէ վերագրել որևէ ուժի կամ միջոցի: Նրա գնահատմամբ` Հարությունյանը խախտել է օրենքը, բայց մեղավոր չէ:
«Նա հաղորդումներից մեկի ժամանակ նշել է, որ նոյեմբեր-դեկտեմբերին սկսելու է հեղափոխությունը: Այսինքն` գաղափարն արդեն առկա էր, ասում էր, թե ինչ է անելու, իր ասածներից որևէ շեղում չի արել»,- նշեց Իսագուլյանը` հավելելով, որ ոստիկանությունն իրեն պահել է կոռեկտ, իսկ առաջին պայթյունը Շանթ Հարությունյանի գրպանում է եղել:

«Շատ ավելի կարևոր էր, որ մինչև էտ օրը իրավապահ մարմինները ձեռնարկեին գործողություններ, որոնք կկանխարգելեին այս միջադեպը: Թե չէ ազատ երթ…. գնալ այստեղ, այնտեղ….. ինքը պարզ ասում էր` ինչ է անելու: Այդ ամեն ինչը բերվում էր բոլորի աչքի առաջ` մահակներ, փայտեր: Պետք է կանխարգելվեր, բայց ոչ ուժի միջոցով: Չէր կարելի չտեսներ, որ թղթերի մեջ պայթուցիկներ էին բերվում, բենզինով շշեր»,- հավելեց Իսագուլյանը:

Նրա համոզմամբ` Հարությունյանն ինքը հայտնվել է իր ստեղծած ծուղակի մեջ, և որ
վերջինիս հետ խոսելիս նկատել է նրա մոտ սթրեսային վիճակ, և դա չի էլ թաքցրել:

Իսագուլյանը համոզված է, որ Շանթ Հարությունյանի այդ վիճակը չի արդարացնում իրավապահ մարմիններին, որ որոշակի կանխարգելիչ գործողություններ չձեռնարկեցին:

«Հայաստանում մի կողմից` բեսպրիդել է տիրում, մյուս կողմից` հասարակությունն այդ իրավիճակից դուրս գալու ելքեր է փնտրում: Իշխանությունները շատ ճիշտ կվարվեն, եթե այս տղաներից որևէ մեկը չնստի, մենք դրանով այդ քայլը չենք կոծկի»,- իր խոսքում նշեց Իսագուլյանը:
Իսագուլյանի դիտարկմամբ` Շանթ Հարությունյանը նաև շատ օգուտ տվեց իշխանություններին, նա բաց տեքստով ասում էր այն, ինչը շատերի մոտ փակ նստած է:
Գառնիկ Իսագուլյանը համոզված է, որ եթե ճիշտ քայլեր չձեռնարկվեն, դեպքերը կշարունակվեն:

«1994 թվականից հետո իշխանությունները մսխել են այն ամբողջ պոտենցիալը, որն ուներ ազգը: Եթե մենք 19 տարի հետո սեպտեմբերի 3 ենք գնում, նշանակում է` մենք մեր ազգային պոտենցիալը իջեցրել ենք ամենացածր մակարդակին: Ո՞վ է մեղավոր. նույն գնդապետներին գնդակահարողներին մենք ազատում ենք, հիմա ասում ենք միլիցու է ծեծել, պիտի նստացնենք, ուրեմն ` այնտեղ էլ պետք է ասեինք` գնդապետ է ծեծել, եկեք պատժեք ամենախիստ ձևով»,- եզրափակեց Իսագուլյանը: