Մենք խոսել ենք Վերահսկիչ պալատի գործունեության մասին և շատ լուրջ խնդիրներ ենք տեսնում: Այսօր Աժ-ում ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի՝ ՀԱԿ խմբակցության հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Մենք տեսնում ենք, որ 2008թ. բյուջեում կային քանակական, ընդհանրական գնահատականներ, որոնք թույլ էին տալիս հասկանալ, թե պետական բյուջեի, որ մասն է թալանվում» - նշեց նա:

Նրա խոսքերով, ընդհանրական գնահատականներ, որոնք հիմնված են քաղաքական գնահատականների վրա չեն տեսնում:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե միգուցե դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ՎՊ-ի վերջին բացահայտումներից հետո Սերժ Սարգսյանը խիստ նկատողություն արեց, նա պատասխանեց.

«Ես չգիտեմ, թե ինչով է պայմանավորված: Դա մի խայտառակություն էր, և Սահմանադրության խախտում, քանի որ ՎՊ-ն անկախ կառույց է»:

Նրա խոսքերով, ՎՊ-ի վրա գործադրվում են ճնշումներ:

Այն հարցին, թե իրենք դեմ են քվեարկելու՞ Իշխան Զաքարյանի թեկնածությանը, Զուրաբյանը նշեց, որ խմբակցությունն արդեն որոշել է, իրենք որոշել են, սակայն ցանկացավ զերծ մնալ որոշման պատասխանն ասելուց:

«Ելույթներ ենք ունենալու, հարցեր ենք ունենալու: Այդ որոշումը կհրապարակենք լիագումար նիստին», - նշեց նա:

Նշենք, որ խմբակցության ղեկավարի հետ զրուցելուց առաջ, լրագրողները զրուցել էին նաև նույն խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ, ով նշել էր, թե խմբակցությունը դեմ է քվեարկելու և իրենք դեմ են թեկնածուին:

Ի պատասխան սրան Լևոն Զուրաբյանը նշեց. «Ես չգիտեմ ինչ է ասել Տիկին Սարգսյանը, ես խոսում եմ խմբակցության որոշման մասին»: