Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր «Ազատության» հետ զրույցում հերքեց, թե ինքը և իր տեղակալ Հունան Պողոսյանը բռնություն են գործադրել Մաշտոցի պողոտայում օրեր առաջ տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալված Շանթ Հարությունյանի և ազատամարտիկ Վարդան Վարդանյանի նկատմամբ:

«Տրամաբանության բացակայություն եմ տեսնում: Նախ և առաջ, հազարից ավել մարդ կար էնտեղ՝ [ոստիկանության Կենտրոնականի] բաժնի շենքում, երկրորդը՝ եթե էս երկու տարիների ընթացքում նման դեպք է եղել, ուրեմն՝ սա էլ կարող է իրականությանը համապատասխանել», - հայտարարեց Գասպարյանը՝ շարունակելով. - «Իհարկե, չի եղել և չէր կարող լինել նման դեպք: Հանձնաժողով, մեկուսարան ընդունել, բոլոր տեղերը ամեն ինչ ֆիքսվում է»:

«Սա նույնպես հիվանդ երևակայության արդյունքն էր: Ի՞նչ եք պատկերացնում հետո. ոստիկանապետը իրեն թույլ տար նման բան անել՝ Շանթից բան կմնա՞ր: Որտե՞ղ է տրամաբանությունը: Բացի դրանից՝ էնտեղ եղել են պատգամավորներ և այլն», - ասաց ոստիկանապետը:

Դիտարկմանը, որ Շանթ Հարությունյանը նախքան երթը հայտարարել էր, որ իրենք զինված են բենզինի շշերով, քարով, փայտով և այլ իրերով, իսկ ոստիկանությունն, իր հերթին, հաղորդագրություն էր տարածել, որ Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում, և հարցին, թե այդ ամենը հաշվի առնելով, հնարավոր չէր նախապես կանխել բախումը, Վլադիրմիր Գասպարյանն արձագանքեց. - «Հայտարարվեց և կանխվեց: Եթե մտածում եք, որ հենց այդ պահին հայտարարվում է և ձեռնաշղթաները հագցնում են և տանում են, դուք սխալվում եք: Հայտարարվեց և կանխվեց միջադեպը: Մեր տեսադաշտում են եղել ամբողջ գործողությունները, և ոստիկանությունը գործել է ըստ մշակված ծրագրի»:

 

Շարունակությունը՝ այստեղ: