Քիչ առաջ «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը իր փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հետ եկավ Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին հայտնում է Փաստինֆոն` հավելելով, որ Արգիշտի Կիվիրյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իր փաստաբանները որպես մեղադրյալ իրեն հարցաքննելու մասին ծանուցվել են նախօրեին՝ ուշ երեկոյան, դրա համար բոլոր փաստաբաններին չի հասցրել տեղյակ պահել:

Ա. Կիվիրյանը եզրակացրել է, որ իրեն հրավիրում են ՀՔԾ՝ մեղադրանք առաջադրելու կապակցությամբ: Նա նաև հայտարարել է, որ ոստիկանների հանդեպ որևէ բռնություն չի կիրառել և, դա իր դեմ քաղաքական հաշվեհարդար է՝ հաշվի առնելով, որ բացի այդ վարույթից իր դեմ կա ևս 4 վարչական վարույթ: ՀՔԾ-ի շենքի դիմաց կանգնել են Կիվիրյանին սատարող խմբի անդամները՝ պաստառներով. «Ձեռքերդ հեռու Արգիշտի Կիվիրյանից», «Հայաստանը քաղբանտարկյալների կարիք չունի», «Արգիշտի, մենք քո հետ ենք» գրություններով: