Սեռական բնույթի հայհոյանքներով համեմված բանաստեղծություններ արտասանած եւ ոստիկաններին ծեծած 51- ամյա Ղազար Ղամբարյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից:
Գործի նյութերի համաձայն՝ 51-ամյա Ղազար Ղամբարյանը 2013թ. հուլիսի 11-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող մասնաճյուղի վարչական շենքի մոտ, չենթարկվելով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի աշխատակից Արծրուն Արմենակյանի կողմից ներկայացված` սեռական բնույթի հայհոյանքներով համեմված բանաստեղծություններ արտասանելը դադարեցնելու վերաբերյալ օրինական պահանջին, բռունցքով 1 անգամ հարվածել է Ա. Արմենակյանի գլխի ձախ հատվածին, այնուհետեւ ոտքերով երկու անգամ հարվածել է աջ ազդրին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Տուժող Վոլոդյա Սահակյանն իր ցուցմունքում պատմել է, որ երեկոյան ժամին ինքը եւ Արծրունը նկատել են, որ «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերության Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող մասնաճյուղի վարչական շենքի մոտ Ղազար Ղամբարյանը գիրքը ձեռքին, նստարանին նստած բարձր արտասանում է եւ հնչեցնում սեռական բնույթի հայհոյանքներ: Ինքը մոտեցել է նրան, ներկայացել եւ պահանջել դադարեցնել հայհոյանքներ հնչեցնելը: Սակայն Ղազարը չի ենթարկվել իր պահանջին եւ բռունցքով հարվածել է նրան:
Ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության ցույց է տվել, որ 2013 թվականի օգոստոսի 29-ի թիվ 68 եզրակացության համաձայն` Ղազար Ղամբարյանը տառապել եւ տառապում է «Օրգանական զառանցական (շիզոֆրենանման) խանգարում» հոգեկան հիվանդությամբ:
Քննելով գործը դատարանը որոշել է Ղազար Ղամբարյանին ազատել քրեական պատասխանատվությունից եւ պատժից: Նրա նկատմամբ նշանակել հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում: