Ավելի վաղ YerevanNews.am-ը հայտնել էր նախկին ոստիկանի առեղծվածային կալանքի մասին: Ստորև ներկայացնում ենք Մարտին Ծիրունյանի դատական նիստի սկզբում ներկայացված ինքնաբացարկի գրավոր տեսքստը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Խանդանյանին
Թիվ 69105413 քրեական գործով մեղադրյալ Մարտին Ծերունյանից
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, (ք. Երևան նուբարաշենի խճուղի 2)
Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ինքնաբացարկ հայտնելու մասին
10.05.2013թ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչ Ռ.Մկրտչյանի կողմից հարուցվել է թիվ 69105413 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
01.11.2013թ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության քննչական խմբի ՀԿԳ ավագ քննիչ Ռ.Մկրտյանի որոշում է կայացրել մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին:
01.11.2013թ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության քննչական խմբի ՀԿԳ ավագ քննիչ Ռ.Մկրտյանի կողմից հարուցված վերը նշված միջնորդությունը ընդունել է վարույթ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Խանդանյանիը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Խանդանյանը սույն միջնորդության քննության արդյունքում պարտավոր է հայտնել ինքնաբացարկ, քանի որ առկա է այնպիսի հանգամանքներ, որոնք ողջամիտ կասկած են հարուցում տվյալ գործով վերջինիս անկողմնակալության մեջ, մասնավորապես`
01.09.2013թ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչ Ռ.Մկրտչյանը միջնորդություն էր հարուցել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին թիվ 69105413 քրեական գործով մեղադրյալ Մարտին Ծերունյանին կալանքի տակ պահելու ժանկետը երկու ամիս ժամկետով մինչև 2013թ. նոյեմբերի 11-ը երկարացնելու համար:
Նշված միջնորդությունը քննության է առել և կայացրել է որոշում Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Խանդանյանի կողմից:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Խանդանյանը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչ Ռ.Մկրտչյանի միջնորդության քննության ընթացքում ձևականորեն ապահովել է իմ ներկայությունը` զրկելով ինձ դատական քննությանը մասնակցելու իմ իրավունքից:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի. «Դատական քննությունը կատարվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է ...»:
Օրենսդիրը «մասնակցությամբ» տերմինը օգտագործելով ի նկատի է ունեցել այն հանգամանքը, որ ոչ թե անհրաժեշտ է ապահովել ամբաստանյալի ձևական ներկայությունը, այլ անհրաժեշտ է ապահովել վերջինիս մասնակցությունը` հնարավորություն տալով ամբաստանյալին (մեղադրյալին) հայտնել իր կարծիքը և դիրքորոշումները:
Տվյալ պարագայում Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Խանդանյանը ոչ միայն չի ապահովել դատական քննության ընթացքում իմ մասնակցությունը, այլ զրկել է ինձ այդ իրավունքից` թույլ տալով օրենքի կոպիտ խախտում:
Բացի վերը նշված խախտումներից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Խանդանյանը նաև հրաժարվել է ինձ պարզաբանել, թե ինչում եմ ես մեղադրվում:
Համաձայն ՀՀ քր. դատ. օր-ի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի կետի. «Մեղադրյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի իմանալ` ինչում է մեղադրվում»:
Համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կենվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 3-րդ մասի ա) կետի. «Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին»:
Համաձայն «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի (այսուհետ` Դաշնագիր) 14-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննության ժամանակ ունի առնվազն հետևյալ երաշխիքների իրավունքը` լիակատար հավասարության հիման վրա. շտապ կարգով և մանրամասն, այն լեզվով, որը նա հասկանում է, տեղեկացվել իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին (…)»:
Մեղադրյալի կողմից առաջադրված մեղադրանքի պարզաբանում ստանալու խնդրանքը պարտադիր պարզաբանման ենթակա հարցեր են և գոյություն չունի որևէ իրավական նորմ, որը կարող է սահմանափակել մեղադրյալի այդ իրավունքը: Մեղադրանքի պարզաբանումը իմպերատիվ նորմ է և ենթակա է բավարարման:
Նշվածին հակառակ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Խանդանյանը հրաժարվել է ինձ պարզաբանել մեղադրանքը, միգուցե և այն պատճառով, որ վերջինիս նույնպես անհասկանալի է եղել առաջադրված մեղադրանքը, դատարանը նույնպես չի իմացել, թե ում է քննիչը նկատի ունեցել մեղադրանքի որոշման մեջ «մի խումբ անձ» նշելով:
Այսինքն, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Խանդանյանը ամեն կերպ խախտել է իմ արդար դատաքննության իրավունքը, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված «օրինականույթան» սկզբունքը` չի պահպանել ՀՀ քրեական դատավորության օրենսգրքի, Կոնվենցիայի և Դաշնագրի պահանջները:
Սույն միջնորդությամբ ցանկանում եմ ներկայացնել քրեական գործով ողջ եղելիությունը, հիմնավորելու համար, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչ Ռ.Մկրտչյանի և' ներկայիս և' նախորդ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին որոշումները եղել են անհիմն, հիմնավոր կասկածը չհիմնավորված:
Այսպես`
2013թ. մայիսի 7-ին երեկոյան ես իրոք հանդիպել եմ Դավիթ Զիրոյանի հետ և մենք միասին գնացել ենք «Բեռլոգա» ռեստորանը, որտեղ օգտագործել ենք մեծ քանակությամբ ալակահոլ և նույնիսկ ինձ ծանոթ անձիք հյուրասիրել են 2 գավաթ գարեջուր և ես նրանց սեղանին խմել եմ օղի: Ես խոսել եմ Դավիթ Զիրոյանի հետ տարբեր թեմաներից, ուղղակի խմած լինելու հանգամանքի պատճառով չեմ կենտրոնացել մեր խոսակցության բնույթի վրա: Որքան ես հիշում եմ իրոք Դավիթ Զիրոյանը պատմել է մեկ անձի մասին, որը վատություններ է արել և արժանի է պատժի:
Ռեստորանում մինչ ուշ ժամ մնալուց հետո ես վերադարձել եմ տուն և քնել եմ: 08.05.2013թ. ես գնացել եմ աշխատանքի և բնականոն ռիթմով աշխատել եմ, կեսօրից հետո իմ աշխատավայր է եկել Դավիթ Զիրոյանը և ես շփվել եմ նրա հետ ցուցադրելով աշխատավայրը, որից հետո միասին դուրս ենք եկել իմ աշխատավայրից ոտքով քայլել ենք որոշակի տարածք, հետո նստել տաքսի ավտոմեքենա եկել ենք իմ Մաշտոցի պողոտայում գտնվող բնակարանը, տանը հաց ենք կերել, որից հետո Դավիթ Զիրոյանը գնացել է:
09.05.2013թ. լինելով ոչ աշխատանքային օր, ես արթնանալով եղել եմ տանը, որից հետո իմ կնոջ հետ գնացել շուկա, ետ վերադարձել տուն և մնացել տանը, իսկ երեկոյան գնացել եմ միջոցառման «բանկետի», որտեղից էլ վերադարձել եմ տուն և քնել:
10.05.2013թ. ժամը 04-ի սահմաններում ես արթնացել եմ հեռախոսազանգից և ասել են ինչ որ գազի արտահոսք կա Դավիթ Զիրոյանի տանը, հետո զանգեցին ասեցին, որ վերջինիս ոստիկանները բերման են ենթարկել, ես կապնվել եմ Դավիթի բարեկամ Արմենի հետ ասել եմ որ գա իմ տուն հասկանալու համար թե ինչ է եղել, սակայն քնով եմ անցել և արթնացել առավոտյան ժամը 8-ին մոտ և հետագայում տեղեկացել, որ Արմենին նույնպես ձերբակալել են:
10.05.2013թ. գնացել եմ ամառանոց, որը գտնվում է Աղվերանում, պատուհանների հետ կապված աշխատանք կատարել այնտեղ և վերադարձել Երևան:
11.05.2013թ.Դավիթի հարազատները ինձ խնդրել են, որ օգնեմ իրենց Դավիթին դեղամիջոցներ փոխանցելու համար, իսկ Դավիթը ըստ տեղեկությունների արդեն ձերբակալված էր և գտնվում էր ՁՊՎ-ում: Ես զանգերի միջոցով, իսկ հետո անձամբ գնացել եմ ՁՊՎ, որտեղ և ինձ մոտեցել են ոստիկանության աշխատակիցները և բերման ենթարկել քրեական գլխավոր վարչություն:
Տանելով ինձ ոստիկանություն ինձ հայտնեցին, որ բացահայտել են հանցավոր շատ լուրջ դեպք, որին անմիջական առնչություն ունի Դավիթ Զիրոյանը և տեղեկացրին, որ նա ընդունել է իր մեղքը և խոստովանել ամեն ինչ: Փորձելով հասկանալ իմ առնչությունը այդ ամենի հետ իմ կապը, նրանք ինձ ասեցին որ «Բեռլոգա» ռեստորանում իմ և Դավիթի միջև խոսակցություն է եղել, որ Դավիթը ինձ պատմել է մեկ անձի սպանելու մտադրության մասին, ես ոստիկաններին հայտնեցի, որ չափից դուրս խմած եմ եղել և այդ խոսակցությունը լավ չեմ հիշում, սակայն վերջիններս ինձ ասեցին, որ ամեն ինչ իրենք գիտեն թե Դավիթի պատմելով և թե իրենց օպերատիվ տեղեկություններով հայտնի է: Լինելով նախկինում ոստիկանության համակարգի երկար տարիների աշխատակից և չհիշելով այդ ռեստորանի խոսակցության մանրամասները ես վստահեցի ոստիկաններին, քանի որ ինքս որևէ անմիջական առնչություն այդ ներկայացված խոսակցության հետ չունեի` նրանց հուշելով գրեցի ռեստորանում տեղի ունեցած խոսակցությունների մանրամասներ, որոնք հնարավոր է եղած լինեն, սակայն իմ մեջ դրանք տպավորված չեն եղել: Ավելին օպերատիվ աշխատակիցներին բանավոր պատմել եմ ամեն ինչ, ինչ հայտնի է ինձ, նույնիսկ ասել եմ, որ ռեստորանում գտնված ժամանակ հեռախոսազանգով կանչել եմ իմ ընկերոջը և փող խնդրել, քանի որ ինձ մոտ գումարը քիչ էր, սակայն ոստիկաները ինձ հայտնել են, որ դա իրենց չի հետաքրքրում և դա դեպքի հետ կապ չունի և այդ հանգամանքը այդ պատճառով չեմ նշել իմ կասկածյալի ցուցմունքում:
Անընդատ քննությանը տեղեկացրել եմ, որ Դավիթը հանդիսանում է իմ ընկերը և մենք պարբերաբար հանդիպել ենք և առաջին անգամ այդ պատմությունը պատմել է ինձ Դավիթը մայիսի 7-ին երեկոյան, որից հետո 2 օր անց բոլորին ձերբակալել են: Իմ 2 օրվա ամբողջ պատկերը պատրաստ եմ ներկայացնել, թե ում որտեղ և ինչի համար եմ հանդիպել կամ շփվել, հիշատակաված պատմության հետ ես եղել եմ ընդամենը պատմության լսողի դերում, ավելին Դավիթի հետ հանդիպան ժամանակ անընդատ զանգահարել եմ իմ խնամուն, որ գա մեզ հետ ժամանակ անցկացնի, այսինքն այդ ամենով հիմնավորվում է, որ ես ոչ մի հետաքրքրություն կամ շահագրգռվածություն չեմ ունեցել այդ պատմության հետ, նույնիսկ ես չեմ էլ հետաքրքրվել Դավիթի պատմածով, թե ով այն անձը ում մասին խոսք է գնում, որտեղ է բնակվում և այլն:
Անհասկանալի և անտրամաբանական է նման պայմաններում ինձ կալանքի տակ պահելով մեղադրել դիտավորյալ սպանության նախապատարաստության մեջ, այն պայմաններում, երբ առաջադրված մեղադրանքը չի պարզաբանվում, երբ դատական նիստերին դատարանը ընդանրապես ինձ չի նկատում, չի տալիս ձայնի, խոսքի իրավունք, բողոքներս վարույթ չի ընդունվում, սակայն որոշումներ է կայացվում ինձ կալանքի տակ պահելու վերաբերյալ:
Նորից եմ ուզում կրկնել, որ եթե ռեստորանում նման խոսակցություն է տեղի ունեցել իմ և Դավիթի միջև, ապա ես այդ պատմածին ներկա եմ գտնվել ընդամենը լսողի դերում, ինքս ոչ մի գործողություն այդ մասով չեմ կատարել և նպատակ էլ չեմ ունեցել կատարելու, իսկ խոսակցության հաջորդ օրերը ապրել եմ իմ բնականոն կյանքով, հիշատակված դեպքի, կամ ինչպես մեղադրանքում է նշված նախապատրաստվող սպանության հետ ոչ մի առնչություն չունեմ, կամ ինչ որ մեկի հետ քննարկում չեմ կատարել:
Դավիթ Զիրոյանը շատ հնարավոր է տարբեր պատմություններ պատմած լինի հեռախոսով, արծածելով իմ անձը, որպեսզի տպավորություն ստեղծի իր կողմից կատարվող աշխատանքի լրջությունը, բայց այդ ամենի հետ ես ոչ մի կապ չունեմ և չէի էլ կարող ունենալ:
Ես հանդիսանում եմ օրինապաշտ և հարգված անձնավորություն ՀՀ-ում, աշխատել եմ երկար տարիներ ոստիկանության համակարգում, մինչ կալանքս գլխավորել եմ աշխատանքայի խոշոր կոլեկտիվ, ակտիվ մասնակցություն եմ ունեցել միչպետական ընտրություններում և գլխավորել եմ ընտրական շտաբերը և նման պայմաններում ինձ մեղադրել պատվիրված սպանության նախապատրաստության մեջ, երբ ինձ ընդամենը պատմվել է պատմությունը, գտնում եմ ոչ արդարացի:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Խանդանյանը դեռևս նախորդ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին որոշման քննության ընթացքում խախտել է իմ արդար դատաքննության իրավունքը, ինչը ողջամիտ կասկած է հարուցում, որ վերջինիս սույն որոշման քննության ընթացքում չի փոխի իր մարտավորությունը և կրկին կխախտի իմ արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես կրկին կզրկի ինձ դատական քննության ընթացքում իմ կարծիքը և դիրքորոշումը հայտնելու իրավունքից, չի պարզաբանի ինձ առաջադրված մեղադրանքը և առանց հիմնավոր կասկածի առկայության կբավարարի նախաքննության մարմնի միջնորդությունը, ուստի անհրաժեշտություն եմ տեսնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառման հիմքով հայտնել ինքնաբացարկ:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. «... Ինքնաբացարկի հիմքերը, ի թիվս այլոց, ներառում են այն դեպքերը, երբ`
1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ»:
Տվյալ պարագայում Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Խանդանյանի նույն գործով նախկինում դրսևորած կողմնակալությունը և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչ Ռ.Մկրտչյանի նկատմամբ դրսևորած կանխակալ վերաբերմունքը հիմք է տալիս ինքնաբացարկի միջնորդություն հարուցելու համար:
05.09.2013թ. նիստը նախագահող դատավոր Խանդանյանը խախտել և զրկել է իմ մեղադրայլիս իրավունքները զրկելով ինձ դատարանում հանդես գալու իրավունքից:
Նիստը նախագահող դատավորը անտեղյակ լինելով ինձ առաջադրված մեղադրանքից կայացրել է որոշումներ ինձ կալանքի տակ պահելու մասին:
Ելնելով վերոգրյալից և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
բացարկ եմ
հայտնում Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Խանդանյանի և միաժամանակ խնդրում եմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչ Ռ.Մկրտչյանի մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն քննությունը հանձնել նույն դատարանի մեկ այլ դատավորին:
մեղադրյալ Մարտին Ծերունյան
Հ.Գ. Նշենք, որ երեկ կայացած դատական նիստում հրապարակվեց ինքնաբացարկը մերժելու մասին դատարանի որոշումը: Նիստի ընթացքում մեղադրյալը խնդրեց դատարանից տեղեկանալու, թե արդյոք ինքն ունի իրավունք տեղեկանալու, թե ովքեր են այն անձինք, ովքեր մատնանշված մեղադրանքի մեջ են և հայտնել են, թե իբր Ծերունյանը նախնական հանցավոր համաձայնության է եկել:
Այդպես էլ դատարանը շուրջ մեկ ժամ ընթացող նիստի ընթացքում չպարզաբանեց մեղադրայալին, թե արդյոք մեղադրյալը ունի նման իրավունք իմանալու, թե ինչ գործողությունների մեջ է մեղադրվում և ովքեր են համաձայն մեղադրանքի այդ անձիք:
Պաշտպանության կողմը ստիպված եղավ նորից ինքնաբարկ հայտնելու՝ մատնանշելով որ նիստը նախագահողը ունեցել է անձնական շփումներ սույն գործով տուժողի և մեկ այլ մեղադրյալի հետ, այդ հանգամանքը կողմին նոր է հայտնի դարձել:
Դատարանը ընդունեց ինքնաբացարկը և այժմ գործի քննությունը պետք է կատարի մեկ այլ դատավոր: