«Հրապարակ» օրաթերթն այսօր իր երկու տարբեր նյութերում անդրադարձ էր կատարել «ԲՀԿ» կուսակցությանը:

Առաջին հոդվածում նա նշել է, որ ԱԺ «ԲՀԿ» խմբակցությունն իր երեկ կայացած նիստում միաձայն որոշել է «կողմ» քվեարկել նախկին ԲՀԿ-ական Իշխան Զաքարյանի թեկնածությանը:

Այս լուրը ճշտելու նպատակով YerevanNews.am-ը կապ հաստատեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ: Նա մեզ հետ զրույցում անդրադառնալով այդ հրապարակմանը, նշեց. «Այն չի համապատասխանում իրականությանը, որովհետև քվեարկության վերաբերյալ որևէ խոսակցություն չի եղել, մենք քվեարկությանը կանդրադառնանք երկուշաբթի առավոտյան նախատեսված խմբակցության նիստում»:

Օրաթերթի երկրորդ հրապարակման մեջ նշված է, որ «Օրեր առաջ գյուղատնտեսական քոլեջ են այցելել ԲՀԿ–ական մի քանի ակտիվիստներ և որոշ ուսանողների հետ զրուցելով առաջարկել են ամսական 100,000 դրամ գումար` ԲՀԿ-ի բոլոր միջոցառումներին գալու և իրենց հետ հինգ հոգու բերելու համար:

Այս հրապարակման մասին Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Ես խորհուրդ կտամ այդ թերթի հրապարակումները երբևէ հիմք չընդունել, դա ևս չի համապատասխանում իրականությանը»:

YerevanNews.am-ը խմբակցության քարտուղարի հետ զրույցում անդրադարձ կատարեց նաև Արարատի ընտրություններին: Մասնավորապես մեր այն հարցին, թե այսօր կայանալիք հանրահավաքին արդյո՞ք մասնակցելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Նաիրա Զոհրաբյանը դրական պատասխան տվեց, նշելով, որ անպայման մասնակցելու է:

Նա մեզ հետ զրույցում նաև նշեց, որ իրենք հանրահավքն անցկացնելու են հենց այն վայրում, որտեղ որ ի սկզբանե որոշված է եղել և այն տեղեկությունը, թե ԲՀԿ-ին տարածք չեն տվել հրապարակում, չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրենք այդպիսի բան չեն նախատեսել:

«Տեղի է ունենալու մեծ հանրահավաք, որին կմասնակցի նաև Գագիկ Ծառուկյանը: Այն կանցկացվի նախօրոք ծրագրված վայրում: Մեր ծրագրերում ոչինչ չի փոխվել: Մենք երբևէ նախատեսած չենք եղել այդ հանդիպումն անցկացնել հրապարակում: Որտեղ նախատեսել էինք, այնտեղ էլ անցկացնելու ենք», - եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ կիրակի կայանալու են Արարատի քաղաքապետի ընտրությունները: Այսօր Արարատում տեղի կունենան ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի վերջին հանրահավաքները: