Պահածոյագործների և հյութ արտադրողների նորաստեղծ միության նախագահ Երվանդ Թարվերդյանի խոսքերով, արտադրված պահածոների մեծամասնությունն արտահանվում է: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշելով այս մասին, նա հավելեց, որ դրանք արտահանվում են հիմնականում ՌԴ, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, իսկ տարեց տարի արտահանման պահանջարկն ավելանում է:

«Այս տարի մթերվել է 26.000-27.000 միրգ-պտուղ բանջարեղեն, սակայն տարին չի վերջացել և մինչ տարվա վերջ միգուցե լինեն նաև այլ մթերումներ», - հայտնեց նա:

Անդրադառնալով այն տեսակետին, թե այս տարվա տոմատի բերքի սակավությանն ու այն տեսակետին, թե մենք տոմատ արտահանող երկրից դարձել ենք տոմատ ներկրող երկիր, Թարվերդյանը նշեց.

«Տոմատի բերքն ավելի քիչ և սակավ է, որը կապված էր եղանակային պայմանների հետ: Բայց այսօր հայտարարել, թե մենք արտահանող երկրից դարձել ենք ներկրող երկիր ճիշտ չէ: Հայաստանում վերջին տարիներին ձեռնարկությունները տոմատի ներմուծմամբ չեն զբաղվել, միայն արտահանել են: Եվ այսօր էլ դեռ կան ընկերություններ, որոնք արտադրում և արտահանում են տոմատը», - հայտնեց նա, հավելելով, որ բերքն այս տարի պակասել է մոտ 1000 տոնայով: 

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ճիշտ է արդյո՞ք այն տեսակետը, որ բերքը պակասել է լոլիկի ցեցի պատճառով, Թարվերդյանը նշեց, որ չի տիրապետում այդպիսի տեղեկատվության և սակավությունը միայն եղանակային վատ պայմանների պատճառով են եղել:

Ասուլիսին ներկա էր նաև Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, ով նախ նշեց, որ այսպիսի ընկերության ստեղծումը, բնականաբար, դրական քայլ է:

Նա բոլորին խորհուրդ տվեց խուսափել տանը պահածոներ պատրաստելուց, քանի որ դա վտանգավոր է:

«Տան պայմաններում հնարավոր չէ ապահովել այնպիսի ջերմաստիճան և պայմաններ, որպեսզի վտանգավոր բակտերիաները ոչնչանան», - նշեց նա, հավելելով, որ առանձնապես վտանգ չկա միայն մուրաբաներից:

Այս տեսակետի հետ համակարծիք էր նաև միության նախագահը, ով նշեց, որ վտանգավոր են խորովածը, կարմիր բիբարը, աջիկան և այլ նման պահածոներ: «Իսկ գործարանային պայմաններում դրանք անվտանգ են: Տանը պատրաստված պահածոների սխալների դեպքում շատ հաճախ մարդիկ իրենց կյանքով են պատասխան տալիս», - նշեց նա:

Նրա խոսքերով, ընկերություններն ունեն համապատասխան տեխնոլոգիաներ, որոնց միջոցով հսկում են արտադրանքի որակը, իսկ տան պայմաններում հոտ քաշելով, կամ գույնին նայելով չեն կարող որոշել դրանց անվտանգությունը:

Նշենք, որ ստեղծված պահածոյագործների և հյութ արտադրողների միության կազմում ընդգրկված են գրեթե բոլոր խոշոր ընկերությունները: