ՀՀԿ-ի հանրահավաքի ավարտից հետո Արարատում սկսվեց ԲՀԿ հանրահավաքը: Այն տեղի է ունենում փողոցի մյուս ծայրում: Հանրահավաքի վայր ժամանեց առաջնորդ Ծառուկյանը, ում աղ ու հացով դիմավորեցին բնակիչները: ԲՀԿ-ի հանրահավաքին ներկա էին պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Վահե Էնֆիաջյանը և այլք: Ելույթ ունեցավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու թեկնածու Մանվել Բարսեղյանը: Գագիկ Ծառուկյանն իր ելույթում նշեց, որ եկել է ներկա գտնվելու իր կուսակիցների կողքին, որպեսզի վերջիններս չընկճվեն և լավատեսորեն առաջ շարժվեն: Նա նշեց, որ քաղաքապետի թեկնածուից ինքն ավելին եմ անելու:

«10 տարի առաջ բոլորդ գիտեք` ինչ վիճակում էր գտնվում գործարանը, այս պահին տարածաշրջարանում լավագույնն է: Մենք նաև ժողովրդին բնակարաններ տվեցինք, որ ժողովուրդը չգնա Հայաստանից, ու դա ծանոթ-բարեկամներով չի եղել»,- իր ելույթում ասաց Ծառուկյանը:
Նրա խոսքերով` իրենք երբեք ընտրակաշառք չեն բաժանում և ազնվորեն կատարում են իրենց խոստումները:

Ծառուկյանը նաև հավելեց, որ իրենց գործարանում սահմանափակումներ չեն դնում` որ կուսակցությունից են աշխատողները և բոլորն էլ աշխատանք են ստանում: Գագիկ Ծառուկյանն անդրադառնալով ընտրակաշառքներին` հավելեց, որ այն խոսակցությունները, թե բոլորին հորդորում են կարմիր գրիչով նշել, թարս կամ ուրիշ ձևով ծալել, որպեսզի տարբերվի, չի համապատասխանում իրականությանը:

ԲՀԿ-ի հավաքը նույնպես մարդաշատ էր, և Ծառուկյանին դիմավորեցին բուռն ծափողջյուններով և բացականչություններով:

Տեսանյութերը` քիչ ուշ: