Համաշխարհային բանկի խմբի Գործադիր տնօրենների խորհրդում հաստատվել է Հայաստանի հետ գործընկերության 2014-2017թթ. ռազմավարությունը: Հստակեցվել է առաջիկա 4 տարում Հայաստանին հատկացվելիք աջակցությունը:

Գալիք չորս տարիների համար նախատեսում է մոտ 843.5 միլիոն դոլարի վարկային փաթեթ, որից` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցներից` 599 մլն դոլար, Զարգացման միջազգային գործակալության միջոցներից` 84,5 մլն դոլար, Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջոցներից` 160 մլն դոլար:

Ծրագրերը կներառեն 3 հիմնական ուղղություն՝ մրցունակություն և աշխատատեղերի ստեղծում, սոցիալական ծառայությունների արդյունավետության բարձրացում, հանրային հատվածի արդյունավետության բարձրացում:

Գործընկերության առաջին ֆինանսական տարում՝ 2014-ին ՀԲ աջակցության փաթեթը կկազմի մոտ 273.5 մլն դոլար, որի ներքո նախատեսվում են վարկային ներդրումային ծրագրեր արտաքին առևտրի խրախուսման, արտահանման ֆինանսավորման, համայնքային գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման, էներգամատակարարման հուսալիության, կրթության որակի, սոցիալական պաշտպանության ոլորտներում, նաև` ներառյալ բյուջետային աջակցության գործիքի ներքո զարգացման քաղաքականության առաջին գործառնությունը:

Գործընկերության մնացած տարիների համար ՀԲ աջակցության նախնական ծավալը տարեկան 145 մլն դոլար է, ինչը ենթակա է տարեկան ճշգրտման` կախված ռազմավարության իրականացման ընթացքից և մեր կառավարության պահանջից: