Դերասան Վարդան Պետրոսյանը կբողոքարկի դատարանի որոշումը՝ կալանքը որպես իր նկատմամբ խափանման միջոց ընտրելը։
Հիշեցնենք՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը շաբաթ օրը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը` որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելով դերասանի նկատմամբ: «Վստահ եմ, որ բողոքը բավարարվելու է, որովհետև մի քանի անգամ կարդացել եմ դատարանի որոշումը և կալանքի համար գոնե մեկ իրավական հիմք չեմ գտել այնտեղ»,- «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հայտնի դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Երեկ Վարդան Պետրոսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրան «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում դերասանին սպառնում է 4-10 տարվա ազատազրկում:
Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել են երկու երիտասարդներ՝ հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: