«Սահմանադրական դատարան դիմելու հարցը կքննարկենք այն ժամանակ, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ վերջնական որոշում ընդունի»,-ի պաստասխան «Pastinfo.am»-ի թղթակցի հարցի` ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ընտրության արդյունքները կամփոփվեն և ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում ԿԸՀ-ն կընդունի փետրվարի 25-ին:
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 74-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման մասին դիմումներով ՍԴ կարող են դիմել Հանրապետության Նախագահի թեկնածուները:
Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով ՍԴ կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը, մինչև ժամը 18.00-ն: ՍԴ-ն պետք է որոշում ընդունի դիմումի մուտքագրման օրվանից հետո` տասնօրյա ժամկետում:
Նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
Գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է ընտրությունների արդյունքներն ամփոփող պետական մարմինը, տվյալ դեպքում` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Անհրաժեշտության դեպքում, կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, որպես հարակից պատասխանող (պատասխանողներ), ՍԴ-ն կարող է ներգրավել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց որոշումները կամ գործողությունները կարող էին ներգործել ընտրությունների արդյունքների վրա, կամ որոնք պարտավոր էին (պարտավոր են) օրենքով սահմանված կարգով ապահովել և պաշտպանել ընտրական իրավունքները, բացառությամբ դատարանների:
Այս գործերով ՍԴ-ն պարզում է իրավասու ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ներկայացված բողոքների քննարկումը (քննությունը) անհիմն մերժելու, նման բողոքները սահմանված ժամկետներում չքննարկելու (չքննելու) և քննարկումից (քննությունից) հրաժարվելու կամ խուսափելու հանգամանքները: ՍԴ-ն իրավասու է նման դեպքերում բողոքներում արծարծվող փաստերը գնահատելու որպես հավաստի և անվիճելի, եթե այդպիսի գնահատումը չի հակասում գործի քննության ընթացքում ձեռք բերված այլ ապացույցների:
Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) ընտրական հանձնաժողովի որոշումը թողնել ուժի մեջ,
2) անվավեր ճանաչել ընտրական հանձնաժողովի որոշումը և`
- անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,
- ընտրված ճանաչել համապատասխան թեկնածուին,
- ընտրությունները ճանաչել չկայացած,
- նշանակել ընտրության երկրորդ փուլ:
Եթե գործի քննության արդյունքում ՍԴ-ն, սպառելով ապացույցներ ձեռք բերելու համար օրենքով նախատեսված բոլոր միջոցները, այդուհանդերձ, հնարավորություն չի ունեցել պարզելու ընտրության իրական արդյունքները, սակայն ՍԴ-ի կողմից որպես հավաստի գնահատված ապացույցներից ակնհայտ է դարձել, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ, և դրանց համադրումը վկայում է դրանց միջև համակարգային այնպիսի փոխկապակցվածության մասին, որի պայմաններում խախտվում են Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները, ապա որոշում ընդունելիս ՍԴ-ն իրավասու է այդ հիմքով անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները: