Այսօր ԱԺ-ում քննարկվում էր Տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության մասին օրինագիծը: Ելույթով հանդես եկավ օրինագծի հեղինակ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը. «Բոլորիդ է հայտնի, որ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար պարտականությունների մասին օրենքը հանրության կողմից թյուրըմբռնման տեղիք է տվել, եւ այդ օրենքի հիմնական նպատակն այն է, որ ծառայի կանանց եւ տղամարդկանց իրավունքները հավասար դաշտ բերելուն, եւ կառավարությունը այսօր նախագծում տեղ գտած «գենդեր» արտահայտությունը հանրության կողմից թյուրըմբռնման տեղիք է տվել, եւ մենք առաջարկել ենք օրենքից ամբողջությամբ հանել գենդեր բառը եւ դրա փոխարեն օգտագործել սեռ, կամ այլ բառ, որը ընդունելի կլինի պատգամավորների եւ հասարակության եւ այլոց կողմից: Մեր առաջարկությանը, փաստորեն, եւ կառավարությունը, եւ հանձնաժողովը դեմ է քվեարկել:

Խոսքի իրավունք ստանալով՝ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց. «Մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում երեք- չորս ժամ տեւողությամբ: Տիկին Բիշարյանն էլ համաձայնեց հանձնաժողովի ընթացքում, որ մենք դեմ քվեարկենք՝ հաշվի առնելով առկա տարաձայնությունները: Մոտակա ժամանակներում վստահ եմ, որ կգտնենք կոմպրոմիսներ»:
Դարձյալ ձայնի իրավունք խնդրեց Հեղինե Բիշարյանը, ով նշեց. «Պարոն Արզումանյան, ես ուզում եմ նաեւ ձեզ ասել, հարգելի գործընկերներ, դուք տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եք, հանձնաժողովում նստած էիք, կային տարբեր լրատվամիջոցներ, ես ասել եմ, որ քվեարկեք ձեր խղճի կամոք, հետո կառավարությունը չի հանել այդ դրույթը: Եթե Հեղինե Բիշարյանի խոսքը այդքան կարեւոր էր ձեր համար, կողմ քվեարկեիք, էս ինչ բան է: Դուք ձեր կարծիքն ասեք»:

Այս անգամ նիստերի դահլիճում աղմուկ սկսվեց եւ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը հանգստության կոչ արեց: Կրկին խոսեց Ալեքսանդր Արզումանյանը, ով նշեց. «Ես զարմացած եմ տիկին Բիշարյանի վրա, հանձնաժողովի անդամները նստած էին, ինքը առաջարկեց դեմ քվեարկել, հիմա նման հայտարարությունները տարակուսելի են»:
Ալեքսանդր Արզումանյանը հայտնեց, որ հանձնաժողովի քննարկումների ժամանակ ներկա են եղել նաեւ ՕԵԿ ներկայացուցիչներ, որոնց եւս դիմել է Հեղինե Բիշարյանը եւ առաջարկել դեմ քվեարկել:

Վերջում ՕԵԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը չընդունվեց: