ԱԺ-ում այսօր ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանին իր հարցն ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նախ հիշեցրեց ընդամենը հինգ ամիս առաջ տեղի ունեցած թեժ քննարկումները:
«Այստեղ թեժ քննարկումներ էին ընթանում, դուք ինչ-որ կաբել էիք ցույց տալիս, կառավարությունն իր բացատրությունն էր տալիս», - սկսեց նա:
Շարունակելով իր հարցը` պատգամավորը նշեց, որ հասարակությանը հետաքրքիր է, թե ինչ եղավ ի վերջո: «Հետաքրքիր է` դուք այդ կաբելն այսօր ձեզ հետ բերե՞լ եք», - հարց ուղղեց նա և շարունակեց.
«Դրանից հետո նախագահը մեղադրեց ձեզ այդքան մեծ գումար կասկածի տակ դնելու համար: Հիմա ինչ է ստացվում, որ դուք նորից առաջադրվել եք, ի՞նչ է, էլ նման բացահայատումներ չե՞ն լինելու: Ի՞նչ եղավ կաբելը: Կխնդրեի հստակ պատասխանել, քանի որ այստեղից մի քանի անգամ հարցրել եմ ձեր առանձնատան մասին, սակայն պատասխան այդպես էլ չեմ ստացել: Ի վերջո ինչպես է, որ բյուջեի այդքան մսխումները բացահայտած անձը առանձնատներ ունի»:
Սկսելով պատասխանել` Իշխան Զաքարյանը նախ նշեց, որ պատգամավորի հարցերին կարճ կապատասխանի, ապա հավելեց, որ կաբելի մասին չի մոռանում: Իսկ անդրադառնալով բացահայտումներին` նա ևս մեկ անգամ նշեց, որ իրենց ներկայացած բացահայտումների հետ կառավարությունը կարող է համաձայնվել կամ չհամաձայնվել:
Անդրադառնալով առանձնատան հարցին` նա նշեց.
«Առանձնատան մասին կապված, այո, երկու անգամ հարց եք բարձրացրել և երկու անգամն էլ պատասխան է տրվել: Եթե ցանկանում եք ավելին իմանալ, ես առաջարկել էի, որ ցանկացած փաստաթուղթ կարող էի ցույց տալ: Դուք այդ ցանկությունը չունեցաք: Սա այդ ամբիոնը չէ, որ այստեղ այդպիսի հարցեր քննարկենք»:
Ի պատասխան, Փաշինյանն արձագանքեց, որ սա հենց այն ամբիոնն է, որի միջոցով պետք է պատասխան տրվի հանրությանը:
«Սա մամուլի ակումբ չէ: Ես ինչի՞ պետքա ձեզնից փաստաթուղթ վերցնեմ, ես հարց եմ տալիս, որ հանրությունը իմանա: Եվ այդ կաբելի մասին կրկին չպատասխանեցիք»,- նշեց նա:
Ի պատասխան այս հարցի էլ, Իշխան Զաքարյանը սկսեց կետ առ կետ ընթերցել ՀՀ նախագահի ասած խոսքերն իր հետ հանդիպման ժամանակ: