ԱԺ ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը ՎՊ–ի վերաբերյալ, կապ չունի Իշխան Զաքարյան անձի հետ: Այսօր Աժ-ում իր խոսքն այսպես սկսեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքերով` Հայաստանում սահմանադրականությունը խախտված է, իսկ Վերահսկիչ պալատը պետք է առաջադրեր հակակշիռների լուրջ տարրեր:

«Վերահսկիչ Պալատի անկախությունից էլ բան չմնաց: Մեր աչքերի առաջ տեղի ունեցավ այդ անկախության չեզոքացումը»,- նշեց Ռուստամյանը:

Նա կարծիք հայտնեց, որ նախագահի մոտ խորհրդակցությունից հետո մեղադրողները դարձան մեղադրվողներ: «Վերահսկիչ պալատը սկսեց պաշտպանվել, քանի որ իրադրություն փոխվեց, ու ՎՊ-ն հայտնվեց լուրջ ճնշումների տակ: Ահա` ինչու ակնկալել ՎՊ-ից լուրջ բացահայտումներ, հնարավոր չէ», - նշեց նա:

Ռուստամյանը կարևորեց ընդդիմություն-իշխանություն միասնական օղակի գործունեությունը, որտեղ ընդդիմությունը իր գործառույթները պետք է իրականացներ:

«ՎՊ նոր նախագահը չի շարունակելու այն, ինչ սկսել էր: Նա ենթակա է նշանակող- ազատողի կամքին: Նա չի կարող անկախ լինել»,- ասաց պատգամավորը:

Նա նաև հայտարարեց, որ ՀՅԴ-ն անիմաստ է համարում մասնակցությունը քվեարկությանը, քանի որ չեն ակնկալում անկախություն ՎՊ նախագահից. «Իշխան Զաքարյանի անձն այստեղ կապ չունի, պետական հիմքերի մասին է խոսք գնում», - եզրափակեց նա: