Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի թեկնածության քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության անունից ելույթով հանդես եկավ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Զուրաբյանը հիշեցրեց, որ Կոնգրեսն օգտագործել է ՎՊ զեկույցները տարբեր փաստաթղթերում, սկսած «Արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում» փաստաթղթից:

«Ավելին, այն ժամանակ, շնորհիվ ՎՊ զեկույցների, մենք կարողացանք անգամ տալ պետական միջոցների թալանի հետ կապված ամփոփ պատկերը, եւ անգամ հանդես գալ գնահատականներով, որ տարեկան թալանվում է կես միլիարդ դոլար: Սակայն, մենք նկատել ենք, որ այնուհետեւ ՎՊ զեկույցներից հեռացվել են այնպիսի ձեւակերպումներ, որ կարող էին ընդհանրական քանական գնահատականներ տային», - նշեց նա, հավելելով, թե ակնհայտ է, որ իշխող մեծամասնության ճնշումների պատճառով Զաքարյանը հրաժարվել է այնպիսի եզրակացությունների հրապարակումից, որ կարող են կոպիտ ասած՝ ընդդիմության բերանը «երկար լեզու» դնել:

«Ավելին, ինչպես ես արդեն ասացի, անցյալ զեկույցի քննարկումներից հետո տեղի ունեցավ հայտնի խորհրդակցությունը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը, խախտելով ձեր ղեկավարած մարմնի անկախությունը, հրապարակային բացահայտ ճնշումներ գործադրեց ձեզ վրա եւ անգամ ցուցումներ տվեց, թե ինչպես պետք է դատախազությունն արձագանքի ՎՊ զեկույցներում տեղ գտած բացահայտումներին», - նշեց պատգամավորը:

Նրա խոսքերով, թեկնածությունը ներկայացված է մի մարդու կողմից, ում գործողություններում չենք տեսնում կոռուպցիայի դեմ պայքարի որեւէ նշույլ:
«Օրինակ օլիգարխներին հարկեր մուծել տալու ուղղությամբ, ի դեպ, նշելով ռեժիմի կողմից ապօրինաբար հովանավորվող եւ ապօրինի արտոնություններով օգտվող Սամվել Ալեքսանյանի, Բարսեղ Բեգլարյանի, Գագիկ Խաչատրյանի անունները, ես ուղղակի մոռացա տալ նաեւ հենց գործող նախագահի այնպիսի ազգականների անուններ, ինչպիսիք են նրա եղբայր Սաշիկ միգուցե Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա փեսա Միքայել Մինասյանի անունները: Համարում ենք, որ ինքն ուղղակիորեն ղեկավարում է կոռուպցիոն այս բուրգը եւ նրա բոլոր նշանակումները դիտարկում ենք հենց այս կոնտեքստում», - նշեց նա: