Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության անունից ՎՊ նախագահի առաջիկա քվեարկության մասին առանձին հայտարարություն արեց խմբակցութհան ղեկավար Լևոն Զուրաբյանը: Հայտարարությունը ներկայացվում է ամբողջական տեսքով.
«Մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցավ գլխավոր դատախազի թեկնածուի քվեարկություն: Մեղադրանքներ հնչեցին, թե որոշ ընդդիմադիրներ հրապարակավ հայտարարելով, որ դեմ են եւ հրապարակավ քննադատելով Գևորգ Կոստանյանին, այնուամենայնիվ, կողմ են քվեարկել:
Որևէ իրողություն գնահատելիս ես առաջնորդվում եմ պարզ տրամաբանությամբ Կարելի է հասկանալ, որ հնարավոր է հրապարակայնորեն ասել, որ կողմ ես, բայց թաքուն դեմ քվեարկել: Փակ քվեարկությունները ստեղծված են հենց դրա համար, որ մարդիկ կարողանան ազատորեն դեմ քվեարկել այն դեպքերում, երբ նրանց նկատմամբ հնարավոր են ճնշումներ: Բայց պետք է իսկապես շատ աղճատված տրամաբանություն ունենալ պնդելու համար, որ հնարավոր է հակառակը: Այսինքն, որ հրապարակավ դեմ արտահայտվողը կարող է թաքուն կողմ քվեարկել մի վիճակում, երբ պարզ է, որ ներկայացված թեկնածուն հաստատվելու է ջախջախիչ մեծամասնությամբ: Այս առումով ես որեւէ կասկած չեմ ընծայում հրապարակայնորեն հնչած բոլոր հավաստիացումներին եւ հավատում եմ եւ Ալիկ Արզումանյանին, եւ Ռուբիկ Հակոբյանին, եւ Նիկոլ Փաշինյանին, եւ Հրանտ Բագրատյանին, եւ Լյուդմիլա Սարգսյանին, եւ Գագիկ Ջհանգիրյանին, եւ Արամ Մանուկյանին, եւ Ստեփան Դեմիրճյանին, երբ նրանք հրապարակավ պնդում են, որ քվեարկել են դեմ՝ Գ.Կոստանյանին:
Միակ բացատրությունն այն իրողությանը, որ դեմ քվեաթերթիկների թիվը կազմել է 3 կամ 4, դա այն է, որ տեղի է ունեցել խայտառակ կեղծարարություն՝ հենց ԱԺ պատերում, որի միակ նպատակը եղել է ընդդիմության վարկաբեկումը եւ ընդդիմության մեջ փոխադարձ մեղադրանքների հրահրումը:
Ուստի, մենք որոշում ենք ընդունել չմասնակցելու կեղծարարության այս ֆարսին, որպեսզի ՀՀԿ-ական կեղծարարները չստանան նորից մի հնարավորություն՝ ընդդիմության դեմ կեղտոտ խաղ խաղալու», - հայտարարեց Լեւոն Զուրաբյանը