ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Սյունիքի մարզ, Կապանում ներկա է գտնվել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Սյունիքի մարզպետարանի կողմից կազմակերպված` մարզի ներդրումային համաժողովի բացմանը:

Եռօրյա համաժողովի նպատակը գործարար շրջանակներին, դոնոր կազմակերպություններին, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին մարզի տնտեսության ոչ լեռնահանքային հատվածի ներդրումային հնարավորությունների ներկայացումն է:

Համաժողովին մասնակցում են նաև պետական, տարածքային և տեղական մարմինների ներկայացուցիչներ, միջազգային և տեղական փորձագետներ: Նման համաժողով առաջին անգամ է անցկացվում, և կազմակերպիչներն ակնկալում են, որ նոր ներդրումները կօգնեն դիվերսիֆիկացնել մարզի տնտեսությունը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և եկամտի աղբյուրներ:

Իր բացման խոսքում փոխվարչապետը ողջունել է համաժողովի անցկացման նախաձեռնությունը` հույս հայտնելով, որ այն հաջողություն կարձանագրի, և հետագայում հնարավոր կլինի այդ փորձը կիրառել նաև մյուս մարզերում: Ա. Գևորգյանը նշել է, որ Սյունիքի մարզը զարգացման մեծ ներուժ ունի, և հեռանկարային են հատկապես այն ոլորտները, որոնց վերաբերյալ քննարկումներ են ծավալվելու համաժողովի ընթացքում:

Նշենք, որ համաժողովի ընթացքում կքննարկվեն գյուղմթերքի արտադրության և վերամշակման, անասնապահության, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման հեռանկարներն ու այս ոլորտներում նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները: