Ժողովուրդ թերթը զրուցել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հետ։ Ներկայացնում ենք զրույցից մի հատված.
-Պարոն նախարար, Ձեր ղեկավարած կառույցը սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեից 700 հազար դրամ կամ մոտ 1700 դոլար է ծախսել նախարարության նիստերի դահլիճի կահույքը թարմացնելու համար։ Որպես ֆինանսների նախարար, ով լավագույնս տեղյակ է երկրի ներկայիս ծանր ֆինանսական վիճակի մասին՝ ինչ եք կարծում, արդյոք կարիք կար այս իրավիճակում նման ճոխություն թույլ տալ։
-Որպես ֆինանսների նախարար՝ ուզում եմ ասել, որ և՛ նախարարության բյուջեն, և՛ պետական բյուջեն ոչ թե 1 միլիոն, 500 հազար կամ 100 հազար դրամ է, այլ միլիարդներ, և այդ միլիարդներով պետությունը շատ ու շատ հարցեր է լուծում։
-Բայց այս ճգնաժամային պայմաններում, երբ ժողովուրդը բազմաթիվ խնդիրներ ունի, ըստ Ձեզ՝ ճիշտ է նման հարցեր լուծել ասենք՝ 847 հազար դրամ ավելի քան 2 հազար ԱՄՆ դոլար ծախսել վարագույրներ գնելու համար։ Ձեր աշխատասենյակի, ֆինանսների նախարարության վերանորոգման համար ծախսվել է մոտ 15 մլն դրամ։ Ինչպե՞ս եք բացատրում այդ ամենը։
-Առաջինը, նախևառաջ՝ Ձեր նշած դեպքը վարագույրները չեն, դա եղել է շատ մեծ կառույց, որտեղ Դուք էլ կարող եք գալ ու տեսնել, և կոնկրետ այդ դահլիճը, որը վերանորոգվել է, եղել է շատ անմխիթար վիճակում։ Այնտեղ մենք տարբեր հանդիպումներ ենք ունենում և լրագրողների, և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, և այդ դահլիճի վիճակն այնպիսին էր, որ անհրաժեշտ էր այդ վերանորոգումը։ Այդ դահլիճը մի փոքր մաքրվել, թարմացվել է, ուրիշ ոչ մի բան չի արվել։
-Միլիոններ են ծախսվում...
-Ի՛նչ միլիոններ, միլիոններ չեն ծախսվել, ֆինանսների նախարարությունը, համենայնդեպս, ոչ մի բան չի արել։
-Այսինքն՝ այդ վերանորոգման գումարը Ձեր «գրպանի՞ց» եք վճարել։
-Ես նորից եմ կրկնում՝ ֆինանսների նախարարությունը... իմ սենյակում որևէ վերանորոգում չի կատարվել։ Եթե որևէ վերանորոգում տեսնեք, կասեմ՝ Դուք ճիշտ եք»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։