«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագծի մասին ելույթով հանդես եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Խորհրդարանական  մեծամասնության ներկայացուցիչներին լսելիս տպավորություն է ստեղծվում, թե պատերազմի և խաղաղության հարցը կախված է Զարուհի Փոստանջյանից, մինչդեռ իմ խորին համոզմամբ՝ կլինի պատերազմ, թե ոչ, կախված է նրանից, թե Հայաստանի Հանրապետությունը ինչքանով է ունակ ինքն իրեն պաշտպանել»- նշեց նա:

Նրա խոսքերով, իշխանությունը, ձախողել է Հայաստանի պաշտպանունակությունը անհրաժեշտ մակարդակին դնելու գործը:

«Թող խոստովանի, հակառակ դեպքում պետք չէ այդպիսի շեշտադրումներ անել՝ վայ, Զարուհի ջան, հետ վերցրու, թե չէ հեսա պատերազմ կսկսվի»,- նշեց նա:

Փաշինյանի խոսքով, պատերազմ սկսվելու դեպքում մեծով-փոքրով պետք է կանգնել Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանության համար:

Փաշինյանի խոսքին արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նա նշեց, որ այնպիսի տպավորություն է, թե ընդդիմադիրները շատ հաճախ խնդիրներն արհեստականորեն բերում են, որպեսզի դարձնեն լայն քննարկման առարկա, անհարկի շահարկումների առիթ, և փորձի տարբեր հարցերում մեղադրանքներ ներկայացնել: