Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ երեկ հանդիպել է Վարդան Պետրոսյանի հետ:

«Եղել եմ հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում և հանդիպել եմ իր հետ: Ձեզ կարող եմ վստահեցնել, որ էն պայմաններում, որ գտնվում է Վարդան Պետրոսյանը, բոլոր պայմանները կան իր առողջությանը հետևելու և բուժումները ստանալու համար», - նշեց նա , հավելելով, որ իր համար կարևորն այս պահին Վարդանի առողջությունն է:

Նախարարի խոսքերով, տվյալ քրեակատարողական հիմնարկի բժիշկները ստացել են հանձնարարականներ: «Ցանկացած դեպքում, եթե անհրաժեշտ կլինի քաղաքացիական հիվանդանոցի բժիշկների ներկայությունը, ապա նրանք անարգել , ցանկացած պահի հասու կլինեն Վարդան Պետրոսյանի համար», - նշեց նա:

Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է կալանքը որպես խափանման միջոց ընտրելը, Թովմասյանը նախ նշեց, որ խափանման միջոցներն իրեն չի գոհացնում և այն կապված է օրենսդրական լուծումների հետ: Մանրամասնելով իր ասածը, նա նշեց, որ մենք ունենք խափանման միջոց՝ կալանք և այլ միջոցներ, սակայն դրանց արանքում գտնվող միջոցներ չկան:

Նա անդրադարձավ նաև նախագահի մամուլի խոսնակի հայտարարությանը, նշելով, որ թյուրըմբռնում եղավ և այդ հաղորդագրությունից երբեք չէր բխում, որ նախագահը ցուցում է տվել խափանման միջոցը փոխելու:
«Հանրապետության նախագահը հստակ հայտարարել է, որ կոնկրետ դեպքով իր իրավասությունից դուրս է որևէ հանձնարարություն տալը: Նա բարձրաձայնել է մտահոգություն, որ այս ոլորտում խնդիրներ ունենք», - նշեց նա: