Այսօր ԱԺ-ում հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին:
Նա նշեց, որ մամուլի տեղեկությունների համաձայն, «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որը զբաղված է տեսախցիկներ ու արագաչափեր տեղադրելով, պատկանում է Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանին եւ կես տարվա մեջ ապահովել է 4,2 միլիարդ դրամի հասույթ: Պատգամավորի խոսքերով, այդ հասույթը չի մտնում պետական բյուջե:
«Չե՞ք գտնում, որ դա անթույլատրելի է, մանավանդ, որ կառավարության որոշածից 11 միլիարդ դրամ պակաս է հավաքվելու բյուջե»,- հարցրեց պատգամավորը:
Ֆինանսների նախարարը նախ նշեց որ մամուլում շատ բան կարող են գրել, որոնց մեծ մասը սակայն, նախարարի խոսքերով, չի համապատասխանում իրականությանը: Ըստ նրա, այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը: