Հարց ու պատասխանի ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հիշեցրեց վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ հոկտեմբերի 28-ի հայտարարությունը և հարցրեց.«Վարչապետը ՀՆԱ-ի աճի տեմպի նվազման գլխավոր գործոն համարեց գազի թանկացումն ու ներդրումների նվազումը: Որևէ ծրագիր մշակվե՞լ է այլընտրանքային աղբյուր ունենալու համար, թե՞ էլի զբաղված եք գազաֆիկացիայով, բայց չեք մտածում այլընտրանքային էնէրգետիկա ստեղծելու մասին»:

Նա նաեւ հարցրեց, թե ներդրումների նվազումը որքանո՞վ է պայմանավորված Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի բարձր ցուցանիշներով:

«Բյուջեի եկամուտների ո՞ր մասն են կազմում գրանտերը, վարկային միջոցները: Չի երևում, թե վարկային միջոցները կոնկրետ ինչ ծրագրերի վրա են ծախսվում, և ես կուզեի ներկայացնեք պատկերը՝ վարկային միջոցների հաշվին կոնկրետ ի՞նչ ծրագրեր եք նախատեսում լուծել», - հարցրեց պատգամավորը:

Դավիթ Սարգսյանը նշեց, թե ՀՆԱ աճին խոչընդոտում են, թվարկվածներից բացի՝ որոշ այլ գործոններ եւս.

«Առաջին՝ արտաքին գործոններն են, խոսքը հատկապես զարգացող երկրներին էր վերաբերում, հիմնականում մեր առևտրային գործընկեր Ռուսաստանին: Երկրորդ գործոնը գազի գնի թանկացումն է ու դրանով պայմանավորված՝ ընդհանուր առմամբ գների բարձրացումը: Ըստ նախնական գնահատականների՝ գազի գների բարձրացումը 0.8 տոկոսից մինչև 1 տոկոս դեպի նվազում ազդեցություն է թողել տնտեսական աճի վրա: Կա նաև երրորդ գործոնը՝ շինարարության ոլորտում տեղի ունեցող զարգացումներն են», - նշեց Սարգսյանը:

Արձագանքելով Դավիթ Սարգսյանին` Լևոն Զուրաբյանը նկատեց, որ եվրապարտատոմսերի իրացումը որպես ներդրողների վստահության ցուցանիշ ներկայացնելն աբսուրդ է:

«Եթե իմ ասածը աբսուրդ է, ուրեմն շատ լավ աբսուրդ է»,- ի պատասխան նշեց Դավիթ Սարգսյանը:

Նշենք, որ այս հարց ու պատասխանից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կոչ արեց չվիրավորել կառավարության անդամներին և պատասխանները որպես աբսուրդ չորակել: