«Ապրիլի 2-ին սպանությունը կատարվել է, մինչև այսօր քննության մեջ ոչ մի տեղաշարժ չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ կասկածվող Արայիկ Պետրոսյանի փաստաբան Նորայր Նորիկյանը:

Արայիկ Պետրոսյանի մյուս փաստաբան Գիվի Հովհաննիսյանն էլ հավելեց, որ շուրջ 8 ամիս ընթացող քննության ընթացքում նախաքննական մարմինն ընդամենը 5 հոգու է հարցաքննել, այն դեպքում, երբ քննչական խմբում ավելի քան 5 մարդ է ներգրավված: «Այդ ժամանակում կարող էին ամբողջ գյուղը հարցաքննել»,- հավելեց պաշտպանը` դժգոհելով քննչական մարմնի անգործությունից,-այս մասին գրում է Փաստինֆոն:

«Քննչական խումբը հսկողությունն իրականացնող դատախազի հետ պետք է բացատրություն տա` իր 8 ամսվա գործունեության համար և եթե անհրաժեշտություն լինի, պատասխանատվություն կրի` ՀՀ օրնսդրությամբ սահմանված կարգով»,- գործընկերոջ կարծիքը կիսելով, ավելացրեց Նորայր Նորիկյանը:

Արայիկ Պետրոսյանի փաստաբաններն անդրադարձան նաև գործով ձեռք բերված ապացույցներից մի քանիսին, մասնավորապես` փորձագիտական եզրակացությունների արդյունքներին:

Գիվի Հովհաննիսյանի խոսքով` եզրակացության համաձայն, Արայիկ Պետորսյանի ավտոմեքենայի միջից տարբեր տեղերից կրակոցներ են կատարվել, և «այս կրակոցներից որևէ մեկը նման չէ առաջին եզրակացության ժամանակ հայտնաբերված անտիմոնի հետքերին, այսինքն` նման հետքեր չի թողել: Ակնհայտ երևում է, որ այդ անտիմոնը կրակոցի հետևանքով չի առաջացել»,- հայտարարեց փաստաբանը:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ