ԱԺ նիստում խորհրդարանն այսօր շարունակում է քննարկել 2014թ․ պետբյուջեի նախագիծը։

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին իր հարցն ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա խնդրեց ներկայացնել, թե ինչպես է լինում, որ երբ տնտեսական աճը 3 տոկոս է, վարկավորման ակտիվներն աճում են 15 տոկոսով։

«Հետաքրքիր է՝ ի՞նչն եք վարկավորել»,- ասաց պատգամավորը։

Նա անդրադարձավ նաև դրամի արժևորման խնդրին և նշեց, որ տրանսֆերտների պատճառով դրամի արժևորումն այն նարկոասեղն է, որը թույլ չի տալիս, որ Հայաստանի տնտեսությունը զարգանա։

«Ավելի ճիշտ չէ՞ր լինի ունենալ ավելի շահութաբեր ԿԲ, թեկուզ մի փոքր ավելի ինֆլյացիա»,- հարցրեց Հ․Բագրատյանը։

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ դեմոկրատական համակարգում ընդունված է ցանկացած կարծիք, սակայն, երբ այդ կարծիքները միտված են գործընկերներին վիրավորելու, կամ իրականության հետ կապ չունեն՝ պոպուլիստական են: Նրա խոսքերով, ուրեմն դրանք հասարակության համար անհիմն են, դատարկ են, անընդունելի են և անհետաքրքիր։

Նա նշեց, որ ԿԲ-ներն ունեն սպեցիֆիկ հաշվեկշիռ, և ԿԲ-ի վնասը, նրա խոսքով, ըստ էության, վնաս չէ, այն վիրտուալ վնաս է։
Ի վերջո, նրա հարցերը հունից հանեցին ԿԲ նախագահ Ջավադյանին, նա հայտարարեց, որ պատրաստ է պատգամավորին հանձնել բոլոր վերլուծությունները :