«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում անդրադարձել էր Շենգավիթ վարչական շրջանի «ՕԵԿ» խմբակցության ղեկավար Լևոն Դոխոլյանին, նշելով, որ ՕԵԿ-ից հեռացած պատգամավոր Խաչիկ Հարությունյանին նա կփոխարինի: Թերթն իր հոդվածում մեջբերելով շենգավիթցիների խոսքը, գրել էր. «Նա Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ է, ու շենգավիթցիները մեզ հետ զրույցում նշեցին, որ Լ.Դոխոլյանին իր հարեւանները ճանաչում են «Քույրիկ Լեւոն» ածականով»:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նեղսրտել էր, որ իրենց կուսակցին նման որակում էին տվել: «Էն էլ ու՞մ, Լեւոնի՞ն, անվանումներ կպցնեն, չգիտեմ քույրիկ եւ այլն: Ես խորհուրդ կտամ այդ տարածողներին թող գնան մոտը, հետո կպատմեն Լեւոնը քույրիկ է, թե ոչ, գիտակ, ՕԵԿ-ի ակունքներից եկած երիտասարդ է, եւ ես երկու ձեռքով բնականաբար կպաշտպանեմ Լեւոնի թեկնածությունը»,- նշեց նա:

Այս բնորոշման հետ կապված Լևոն Դոխոլյանն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանություն էր տվել, որում ոչ կոռեկտ ձևով էր արտահայտվել թերթի լրագրողի հասցեին:

Մասնավորապես իր խոսքում նա մեջբերել էր հետևյալ արտահայտությունը. «Աստված մի արասցե մի օր «Ժողովուրդի» լրագրողուհին հանդիպի ինձ` նա անվարան կճաշակի իմ` տղամարդ լինելու անհերքելի փաստը` բոլոր հաճելի հետևանքներով: Վերջինն իմիջիայլոց…»:

Դոխոլյանի՝ ՕԵԿ պատգամավոր դառնալու, և իր մեկնաբանությունների մասին լրագրողները այսօր զրուցեցին ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ:

Նա նախ նշեց, որ դեռ որոշված չէ պատգամավոր դառնալու հարցը, սակայն ըստ ցուցակի հաջորդը նա է գալիս: Պատասխանելով արդեն այն հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում, երբ պաշտոնյան վիրավորում է լրագրողին, նա պատասխանեց.

«Անընդունելի եմ համարում»: Այնուհետև տիկին Բիշարյանը եւ նրա աշխատասենյակում գտնվող կանայք բավականին ագրսեիվ կեցվածք ցուցաբերեցին:

Երբ լրագրողներից մեկը փորձեց ցույց տալ հոդվածը՝ խնդրելով Հ. Բիշարյանին կարդալ իր քրոջ փեսայի «մտքի թռիչքները», վերջինս սկսեց ոչ նորմալ վերաբերմունք ցուցաբերել:

Նախ՝ նա խլեց լրագրողի ձեռքից ձայնագրիչը, ապա անջատեց համակարգիչը: «Երբ որ լրագրողը թույլ է տալիս անձնական վիրավորանքներ ինչ-որ մեկի հասեցին, ապա հնարավոր է, որ նա ստանա համապատասխան պատասխան: Այստեղ ինքը եթե պատասխանել է, այն մարդուն, ով այսօր թերթում հրապարակել էր…»,- ասել է Հ. Բիշարյանը: Երբ լրագրողը խնդրել է իր քրոջ փեսայի հայտարարությունը կարդալ եւ մեկնաբանել, նա հայտարարել է, որ անգիր գիտի եւ կարդալու ցանկություն չունի: ՕԵԿ խմբակցության ղեկավարը այլեւս չի ցանկացել որեւէ մեկնաբանություն տալ: «Այլեւս ես որեւէ հարցի չեմ պատասխանելու»,- նշել է նա: