2014թ. պետական բյուջեի նախագիծը հետևանք է կառավարության քաղաքականության, որի դեմ «կռիվ տալն» անիմաստ է: Բյուջեի քննարկման ժամանակ նման տեսակետ արտահայտեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

Նա նշեց. «Թունավորված հասարակական մթնոլորտ է, մենք շնչում ենք այդ օդը, արտաշնչում ենք չարություն, արտագաղթ, անտարբերություն, երբեմն՝ ինքնասպանություն: Երեք նախագահների այսօրվա միջանձնային հարաբերություններն ուղիղ համեմատական է այն գաղջ մթնոլորտին, որն այսօր կա հասարակության մեջ։ Նրանք իրենց ղեկավարման ժամանակ շատ մեծ գործ արեցին, բայց երբ եկավ իշխանության հարցը՝ շարունակե՞լ իշխանավարել, թե՞ ոչ, ամեն ինչի վրա գիծ են քաշում և ասում՝ առանց իմ ղեկավարության Հայաստանը չի կարող ապրել։ Այդ իշխանատենչության համար նույնիսկ զոհեցինք Արցախը, հիշո՞ւմ եք, որ Արցախի նախագահին բերեցինք ու նշանակեցինք վարչապետ: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մեր տնտեսությունը շնչում էր, ինքը լավ տնտեսվար էր, ձեռքը պահում էր տնտեսության պուլսին, բայց եկավ հասավ իշխանության հարցը, նույն ցավով, ինչով տառապում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանին էլ պատեց, որ իր թեկնածուն պետք է հաջորդ նախագահը դառնա», - նշեց նա:

Պատգամավորի խոսքերով, սյսօր էլ արդեն սկսվել են այս իշխանության երկունքի ցավերը՝ իրավահաջորդ օպերացիա սարքելու համար։ «Կծնվի նոր նախագահ, ով թշնամի կդառնա երեք նախագահներին։ Մեր պետականության ողնաշարին մենք ենք հարվածել՝ մեր իշխանատենչության պատճառով», - նշեց նա։

Նա կոչ արեց համադրել ուժերը՝ նշելով, թե Սերժ Սարգսյանը չի կարող լուծել մեր երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրները։ «Այսօր եթե խորհրդարանական ոչ իշխանական քաղաքական ուժերի ղեկավարները՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Գագիկ Ծառուկյան, Հրանտ Մարգարյան, Րաֆֆի Հովհաննիսյան, կանգնեն Ազատության հրապարակում, առանց խաղեր տալու ժողովրդի հետ և ասեն, որ պետության վիճակը վատ է, պետք է փրկենք երկիրը, հավատացեք, երկու ամսում իշխանափոխություն կլինի»,- եզրափակեց նա: