Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ԱԺ ՀԱԿ և Ժառանգություն խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը այցելել էին «Նուբարաշեն» ՔԿՀ՝ տեսակցելու նոյեմբերի 5-ից հետո կալանավորվածներին, սակայն նրանց թույլ չէին տվել:
Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով այս հարցին, Զարուհի Փոստանջյանը հերքեց երեկ ԱԺ-ում ելույթի ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այն խոսքերը, թե քկհ-ներում այժմ ծանրաբեռնվածություն չկա:
Պատգամավորուհու խոսքերով դա չի համապատասխանում իրականությանը: «Երևի Հրայր Թովմասյանը չի տիրապետում իրավիճակին», - նշեց նա:
Փոստանջյանի խոսքերով, իրենք գնացել էին ոչ թե տեսակցելու այդ անձանց հետ, այլ տեսնելու նրանց:
«Տեսակցելը չի թույլատրվում, սակայն պատգամավորներին այդ անձանց տեսնելը չի արգելվում», - նշեց նա:
Անդրադառնալով այն որոշմանը, ըստ որի այն ՔԿՀ պետը, ով թույլատրել է Նիկոլ Փաշինյանին հանդիպել կալանավորվածներին, կենթարկվեն պատասխանատվության, նա նշեց.
«Ըստ երևույթին Հրայր Թովմասյանը ենթարկվում է Վլադիմիր Գասպարյանին և կատարում է նրա ասածները»:


