Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ այսօր նախատեսված նիստը չկայացավ, քանի որ ՀՀԿ-ն բոյոկտեց այն:

Խորհրդարանում լրագրողները ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից փորձեցին ճշտել բոյոկտման պատճառները, քանի որ դեռ երեկ բոյկոտելու մասին որևէ խոսք չէր գնում: Ի՞նչ փոխվեց մեկ գիշերում. սա էր լրագրողների հիմնական հարցադրումը:

Նա նախ վկայակոչեց ՀՀ Մայր օրենքի 66-րդ հոդվածը, ըստ որի պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով և գործում է իր խղճին և համոզմունքներին համապատասխան:

Լրագրողների այն հարցին, թե չեք կարծում, որ սա նշանակում է խուսափել քննարկումից, նա նշեց. «Չեմ կարծում, քանի որ քննարկումները եղել էին հենց այս դահլիճում, բավականին բուռն քննարկումներ են եղել և օրենքը ընդունվել է»:

Նրա խոսքերով, բնական է, որ կա դժգոհություն, քանի որ տիրում է բազմակարծություն: Շարմազանովը նշեց, որ բոլոր հիմնավորումներն ու բացատրությունները կներկայացնի ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

«ԱԺ կանոնակարգ օրենքով, քվեարկությունից առաջ պետք է խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը հանդես գան քաղաքական հայտարարությամբ, ուստի մենք չենք ցանկանում խախտել օրենքը և դա վերապահում ենք խմբակցության ղեկավարին», - նշեց նա:

Նրա խոսքերով, նիստի չկայանալը նշանակում է, որ այս օրենքն արդեն քննարկվել և ընդունվել է: