Անընդունելի է, երբ նման վարքագիծ է դրսևորվում, քանի որ խորհրդարանը օրակարգային հարցերը քննարկելու համար է: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով ՀՀԿ-ի արտահերթ նիստը բոյկոտելուն, նման կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Ամեն ինչ արվում է, որ խորհրդարանում քննարկվեն էնպիսի հարցեր, որոնք հայաստանյան օրակարգի հետ ընդհանրապես կապ չունի , կամ հնարավորինս քիչ կապ ունի», - նշեց նա:
Նրա խոսքերով, սա աբսուրդ է հնչում հատկապես Հովիկ Աբրահամյանի 2008թ. ԱԺ նախագահ ընտրվելուց հետո արված այն հայտարարությանը, թե ԱԺ-ի դերը բարձրացնելու են:
«Գիտեք, Ազգային Ժողովի դերը ճոխություններով չեն բարձրացնում, նրա դերը բարձրացնում են բովանդակությամբ», - ասաց նա:
Պատգամավորի խոսքերով, երեկ տպավորությունն այնպիսին է եղել, որ նիստը հրավիրվելու է և որևէ ազդակ մինչև առավոտյան չի ստացել: