Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անդրադարձավ նիստը բոյկոտելուն: Նա նշեց, որ իրենք դրական էին տրամադրված խնդիրները քննարկելու համար:
«Իրենց հետ քննարկումներում խոսքը գնում էր կուտակային կենսաթոշակի ժամկետի կիրառման ժամկետը երկարաձգելուն, որովհետև Նորմը նոր էր, հարցադրումները՝ նոր: Մենք պատրաստ էինք քննարկել: Հետագայում պարզ դարձավ, որ մարդիկ ցանկանում են բովանդակային քննարկումներ կատարել», - նշեց նա, հավելելով, որ քաղաքական մեծամասնությունը որոշել է և բովանդակային ոչ մի փոփոխության կարիք չկա:
Սահակյանը նշեց, որ այս հարցը կրկին քննարկվել է կառավարության, պատգամավորների հետ և որևէ տրամադրող խոսք մասնակցելու կամ չմասնակցելու մասին չի եղել: Նա նշեց, որ պատգամավորների մեծ մասն էլ կողմնակից չի եղել քննարկմանը մասնակցելու:
Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե մամուլում լուրեր են շրջանառվում, որ նիստին չմասնակցելու պատճառը, Վարդան Այվազյանի դստեր հարսանիքն է, Գալուստ Սահակյանը նախ դա ախմախություն որակեց, իսկ այնուհետև հարցի կրկնման ժամանակ նշեց. «Հարսանիքներն առավոտյան չեն լինում»:
Անդրադառնալով Արամ Մանուկյանի այն տեսակետին, թե իրենք բյուջեն չեն կարողանալու լցնել, այդ պատճառով էլ չեն մասնակցում քննարկմանը, նա արձագանքեց. «Ինչ վերաբերում է դրան, ես դա չեմ ընդունում, քանի որ ՀՀԿ-ն միշտ էլ կարողանում է բյուջե լցնել: Բայց թե կարծիք է, թող մտահոգություն ունենան, միգուցե իրենք էլ օգնեն, որ բյուջեն լցվի»:
Լրագրողներից մեկը հարցը ձևակերպելիս նշեց, որ ապշում է, թե ինչպես է ՀՀԿ-ն կարողանում մեկ մարդու պես որոշում կայացնել և հարցը ձևակերպեց այսպես. «Չկա՞ր որևէ մեկը ով ինդիվիդուալ կարծիք ուներ և կցանկանար մասնակցել», ինչին ի պատասխան Սահակյանն արձագանքեց. «Այ դրա համար խորհուրդ կտամ ապշեք: Քաղաքական թիմը ուժեղ է և կարողանում է որոշում կայացնել և պահել: Ինչի ես Սասունցի Դավիթ եմ, հերոս եմ, որ կարողանայի արգելակել: Իսկ դուք կարող եք ապշել»: