Երևանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Միխիթար Պապոյանն առաջիկայում հնարավոր է տեղափոխվի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

«Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկատվությունը ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց։

«Այս պահի դրությամբ` Արդադատության խորհուրդը նման որոշում չունի կայացրած»,- ասաց Ա.Բաբայանը՝ նշելով, որ Արդարադատության խորհրդի որոշումները հրապարակվում են կայք-էջում։ Նկատենք, որ Մ.Պապոյանի վարույթում են քննվում մի շարք աղմկահարույց գործեր, որոնց թվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի եւ Ծառայության մի շարք այլ պաշտոնատար անձանց, «Բանդայի» գործերը։

Մ.Պապոյանի տեղափոխության դեպքում, թերեւս այս եւ ընդհանրապես նրա վարույթում գտնվող գործերը կվերամակագրվեն այլ դատավորի, ինչը նշանակում է, որ դրանց դատաքննությունը կսկսվի նորից։ Եթե, իհարկե, բացառենք, որ Կոտայքում նշանակվելու դեպքում կարող է ժամանակավորապես գործուղվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան։