Ինչպես են աշխատում ՀՀ պետական մարմինների պաշտոնական կայքէջերն ու որքանով են ապահովում տեղեկատվության թափանցիկությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հարցերի պատասխաները տվեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն, ով ներկայացրեց կայքերի դիտարկման 152 չափորոշիչները պահպանած պաշտոնական կայքէջերը, թերություններն ու ձեռքբերումները:
Մելիքյանի փոխանցմամբ` իրենց կողմից ուսումնասիրվել են 51 պետական մարմինների կայքեր, որոնք պայմանականորեն բաժանվել են 3 խմբի:
«Առաջին խմբում ներառված են ՀՀ նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմինենրի, գերատեսչությունների 34 կայքեր, երկրորդում` երկրի 10 մարզեր պաշտոնական կայքերը, երրորդում` ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության, Սահմանադրական դատարանի, Դատախազության, Երևանի քաղաքապետարանի և ՄԻՊ-ի պաշտոնական կայքերը: Պետական մարմիններից առաջին տեղում է գտնվում ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը, երկրորդում տարածքային կառավարման նախարարությունը, երրորդում` Արդարադատության նախարարությունը, իսկ վերջին տեղում Մշակույթի նախարարությունն է»,- հայտնեց Մելիքյանը:
Վերջինիս փոխանցմամբ` մարզպետարանների կայքերի վարկանիշային աղյուսակում առաջին տեղում է Կոտայքինը, երկրորդում` Լոռու մարզինը, երրորդում` Գեղարքունիքինը: Մելիքյանը նաև հայտնեց, որ երրորդ խմբի կայքերում առաջին տեղում է գտնվում ԱԺ պետական կայքէջը, վերջին տեղում ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:
«Հաճախ հանդիպող թերություններից է պետական մարմիններին հատկացված տարեկան բյուջեի ծախսերին, տվյալ մարմնում անցկացված կամ պետական մարմնի իրավասությունների շրջանակում կատարված ստուգումների արդյունքների բացակայությունը: Հաճախ են պատահել նաև դեպքեր, երբ փորձել ենք համագործակցել, որևէ գերատեսչության հետ, սակայն բացասական պատասխան ենք ստացել, օրինակ Գյուղատնտեսության նախարարության հետ, որտեղ մեզ պատասխանեցին` բայց դա մեզ պե՞տք է»,- իր խոսքում հավելեց Մելիքյանը:


