Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում` 

«Քիչ առաջ հանդիպեցի քաղաքապետարան այցելած «Մատչելի միջավայր բոլորին» քայլարշավի մասնակիցների հետ: Անշուշտ ուրախալի է արձանագրել, որ հենաշարժողական սահմանափակ կարողություններ ունեցող անձանց խնդիրները հուզում են ոչ միայն հասարակության տվյալ խմբի անձանց, բայցև կարծում եմ, որ մեր համաքաղաքացիների նախընտրած այս ձևաչափը ինչ որ առումով զարմանալի է, քանի որ Երևանի քաղաքապետարանը բազմիցս հայտարարել է, որ բաց ու պատրաստակամ է քննարկելու հանրությանը ու, մասնավորապես, հենաշարժողական սահմանափակ կարողություններ ունեցող անձանց հուզող հարցերը: Ինչևէ, ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ հանդիպումն անցավ բավական կառուցողական մթնոլորտում:
Այդուամենայնիվ, հաշվի առնելով հարցի կարևորությունը, կցանկանայի նշել, որ Երևանի քաղաքապետարանն արդեն երկրորդ տարին անընդմեջ այս ուղղությամբ ձեռնարկում է հստակ և նպատակային քայլեր: Նախ և առաջ կուզեմ հատկանշել այն հանգամանքը, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Երևան քաղաքի պատմության մեջ առաջին անգամ, մայրաքաղաքն առավել մատչելի դարձնելու նպատակով 2013 թվականի համայնքային բյուջեում առանձին տողով թեքահարթակներ կառուցելու նպատակով նախատեսվեց հատկացնել 20 մլն. դրամ: Ըստ այդմ նախաձեռնված աշխատանքների շրջանակում յուրաքանչյուր թեքահարթակի համար նախագծվեց դրա իրականացման տեղանքին համաձայնեցրած նախագիծ՝ պահպանելով անհրաժեշտ բոլոր նորմերը և մինչև այս ամսվա վերջ կունենանք մոտ 80 նման թեքահարթակ: Հավելեմ նաև, որ շուրջ 190 թեքահարթակ էլ նախաձեռնվել ու կառուցվել են կապիտալ վերանորոգվող փողոցներում, որն իրականացվել է կապալառուների և շինարարական կազմակերպությունների հետ համաձայնեցված, ընդ որում, բացառապես նրանց միջոցներով:
Առանձնակի պետք է կարևորեմ նաև այս տարի քաղաքապետին կից ստեղծված Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կազմում սահմանափակ կարողություններ ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող շահագրգիռ կազմակերպությունների ընգրկվելու հանգամանքը: Սա իսկապես շատ ողջունելի է, քանի որ խորհուրդը բաց է առաջարկությունների համար և այդպիսով արդեն իսկ հնարավորություն է ընձեռվում հիմնախնդիրների լուծուման մասով անմիջական առաջարկներ ներկայացնելով սահմանել առաջնահերթություններն ու հետզհետե լուծումներ տալ դրանց:
Կարծում եմ, բոլորին է հայտնի, որ վերջին երկու տարիների ընթացքում քաղաքապետի խիստ հանձնարարականով քաղաքաշինական և ոչ մի նախագիծ չի հաստատվում, եթե դրանում ներառված չէ թեքահարթակների կառուցման լուծումը:
Ավելորդ չեմ համարում նաև տեղեկացնել, որ մայրաքաղաքն ավելի մատչելի դարձնելու շրջանակում 2014 թվականին թեքահարթակների ծրագիրն ընդլայնվելու է և, օգտվելով առիթից, ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կազմակերպություններին համագործակցել մեզ հետ՝ ծրագիրն առավել հասցեական և արդյունավետ դարձնելու համար:
Բացի այդ, հարկ եմ համարում նաև տեղեկացնել, որ 2014 թվականին Երևանի քաղաքապետարանը նախատեսում է որոշ ավտոբուսներ հարմարեցնել սահմափակ կարողություններով մարդկանց ազատ տեղաշարժն ապահովելուն: Ի դեպ, «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղու ավտոբուսներն արդեն իսկ հարմարեցված են և ծառայում են այդ նպատակին:
Այո, բոլորս ենք գիտակցում, որ մատչելի քաղաք ունենալուն հասնելու համար անելիքներ դեռ շատ կան և ոչ ոք դա չի հերքում, բայցև պետք է արձանագրենք, որ քաղաքապետարանը նոր թեքահարթակների կառուցումը նախաձեռնելուց բացի, նաև որոշակի աշխատանքներ է տանում նախկինում կառուցված թեքահարթակները սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ, ինչն հետզհետե ավելի մեծ թափ կստանա: Այս համատեքստում արժևորում եմ այդ հիմնախնդիրերով զբաղվող շահագրգիռ անձանց և կազմակերպությունների մասնակցությունն աշխատանքների իրականացման փուլում:
Ինչևէ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այսօրվա քայլերթի նախաձեռնողներին, որ մեր հասարակության ուշադրությունը հերթական անգամ սևեռեցին այս կարևոր հիմնախնդրի վրա: Եվ համոզված եմ, որ այսուհետ մեր համագործակցությունը շատ ավելի արդյունավետ և կառուցողական կլինի»: