Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հետաքննություն է սկսվել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության սպա Աստղիկ Հունանյանի նկատմամբ, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնից ներքին անվտանգության վարչությունը մամուլում և Shamshyan.com-ում հրապարակված տեղեկությունները ճշտելու նպատակով պահանջել և ստացել է նոյեմբերի 12-ին Երևանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո վթարի վայրում Ա. Հունանյանի կողմից քաղաքացիների և մյուս կողմի վարորդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մասին տեղեկությունները:

Հրապարակումից հետո Ա. Հունանյանի հայրը, նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ իր աղջիկը մեղավոր չի, նա այդ օրը՝ երեկոյան ժամը 8-ին, գնացել էր եկեղեցի՝ մոմ վառելու և վթարի մեջ մեղադրել էր մյուս կողմին: Եվ հիմա ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը պարզելու է գեներալ Հունանյանի ասածների իսկությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քաղաքի մի քանի եկեղեցիներից ճշտել է, որ երեկոյան ժամը 8-ին ոչ մի եկեղեցի բաց չի լինում և ճիշտ կլինի, որ գեներալ-մայորը, ով մեղադրում է տուժող կողմին ու լրագրողներին, գոնե ճիշտ տեղեկություններ տա: Ի դեպ՝ Ա. Հունանյանի կողմից նմանատիպ դեպքեր նախկինում էլի են տեղի ունեցել, և տուժող քաղաքացիները խոստացել են նրա կողմից կատարված «քաջագործություններ» ֆոտոլրագրողին ներկայացնել, որոնք էլ մենք կտեղեկացնենք մեր ընթերցողին: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում