Ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի հայտարարության մեջ ասվում է` «Երեւանի ավագանու կանոնակարգի 120-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված է, որ Երեւանի ավագանու յուրաքանչյուր երկրորդ նիստում ավագանու անդամներն իրավունք ունեն երեքական հարց ուղղել Երեւանի քաղաքապետին կամ քաղաքապետարանի որեւէ պաշտոնյայի:

«Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանն առաջարկել է ավագանու յուրաքանչյուր անդամին սահմանափակվել մեկ հարց ուղղելու հնարավորությամբ: Ստացվում է, որ տարվա ընթացում ամենաշատը 3-4 անգամ է ավագանու անդամին հնարավորություն ընձեռվում հնչեցնելու երեւանցուն մտահոգող բազմաթիվ խնդիրներից որեւէ մեկը: «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն առաջարկում է «երկու ամսվա մեջ առնվազն մեկ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր նիստին» բառով:

Ամփոփելով վերոգրյալը՝ նշենք, որ Հովհաննես Թոքմաջյանն առաջարկում է 2 ամիսը մեկ 3 հարցի փոխարեն 1 հարց ուղղելու իրավունք տալ ավագանու անդամին, Անահիտ Բախշյանը՝ ոչ թե 2 ամիսը մեկ, այլ յուրաքանչյուր ամիս 2 հարց ուղղելու հնարավորություն ընձեռել: Բախշյանը սույն նախաձեռնությունը հիմնավորում է հետեւյալ կերպ. «Սույն նախագծով առաջարկվող փոփոխությունը բխում է երեւանցիների բազմաթիվ խնդիրներին արագ արձագանքելու ավագանու անդամի պարտավորությունից: Ավագանու նիստերի օրակարգերը, որպես կանոն, չեն ներառում այդ խնդիրների վերաբերյալ հարցեր, որոնք պետք է բարձրացնել հարց ու պատասխանների ժամանակ: Ավագանու գործունեության արդյունավետությունն իսկապես կբարձրանա, եթե որքան հնարավոր է երեւանցուն հուզող շատ հարցեր հնչեցվեն եւ քննարկվեն ավագանու յուրաքանչյուր նիստում»,- նշել է Անահիտ Բախշյանը: