Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, անդրադառնալով Իշխան Զաքարյանի առանձնատան` «168 Ժամ» թերթին տված բացառիկ հարցազրույցին, որտեղ նշվում է, թե այդ առանձնատունը կառուցվել է Ալբերտ Բոյաջյանի անձնական հաշիվներից:
«Հենց նոր իմացա ցնցող նորությունը. ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը «168 ժամ» թերթին պարզաբանում է տվել իր տան կառուցման կապակցությամբ եւ արել հիրավի սենսացիոն բացահայտում: Պարզվում է՝ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահը ունի լիազորագիր կառավարելու ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Ալբերտ Բոյաջյանի բանկային հաշիվը՝ «Հայգյուղփոխբանկում»:
Հիրավի մեծագույն հայտնագործություն. դու տնօրինում ես գումարներ, որոնք քո անվան հետ կապ չունեն: Դու չունես անհրաժեշտություն՝ բացատրելու այդ հաշիվների ոչ մուտքերի ծագումնաբանությունը, ոչ ելքերի պատճառաբանությունը: Այդ գումարները քոնն են դե ֆակտո, բայց քոնը չեն՝ դե յուրե: Եւ ոչ ոք չի կարող քեզ հարցնել, թե որտեղից այդ գումարները: Իսկ եթե գտնվի որեւէ մեկը, որ համառորեն հարցնի՝ դու ունես պատասխան. դրանք Ալբերտ Բոյաջյանի գումարներն են, իսկ Ալբերտ Բոյաջյանը պարտավոր չէ բացատրել, թե որտեղից այդ գումարները, որովհետեւ ինքը ԱՄՆ քաղաքացի է: Իսկ ԱՄՆ-ում փողը մայթերին է թափված:
Իշխան Զաքարյանն արձանագրում է, ըստ այդմ, որ իր մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը կառուցվել է Ալբերտ Բոյաջյանի հաշիվներում եղած գումարներից: Հիրավի «սպառիչ» պատասխան: Չգիտեի, որ պարոն Զաքարյանն այսպիսի նուրբ հումորի զգացում ունի:) »,- գրում է Նիկոլ Փաշինյանը:
- See more at: http://maxinfo.am/18059.html#sthash.Z57PH52R.dpuf