Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են երիտասարդության և ուսանողության միջազգային օրերին նվիրված Երևանի քաղաքապետարանում նախատեսվող միջոցառման հետ կապված հարցեր: Նիստին ներկա է գտնվել նաև ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը:

 

Ողջունելով խորհրդի անդամներին, վերջինս առանձնակի կարևորել է երիտասարդության ակտիվ մասնակցությունն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին, այնպես էլ ռազմահայրենասիրական դաստիարակություն քարոզող միջոցառումներին:

 

Վարդան Ավետիսյանը քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներին է ներկայացրել նաև վարչության գործունեությունը, տարեկան անելիքներն ու երիտասարդության տարբեր խմբերի մասնակցությունն այդ ծրագրերին: Օգտվելով առիթից՝ գեներալ-մայորը խորհրդի անդամներին հրավիրել է մասնակցելու նաև ՀՀ ՊՆ-ն կողմից կազմակերպվելիք՝ 2014թ. հունվարի 28-ի՝ Բանակի օրվան նվիրված միջոցառումներին:

 

 

 

Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և նիստին մասնակցելու համար՝ Երևանի քաղաքապետի օգնական, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը վստահեցրել է, որ խորհրդի անդամներն անպայման իրենց ակտիվ մասնակցությունը կունենան Բանակի օրվա և, ընդհանրապես, ՊՆ-ի նախաձեռնած միջոցառումներին:
Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի հաջորդ նիստը կգումարվի դեկտեմբերի առաջին տասնօրյակում: Նիստի ընթացքում կամփոփվեն 2013թ. խորհրդի կողմից իրականացված աշխատանքներն ու կնախանշվեն 2014-ին նախատեսվող ծրագրերը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն