Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ, 49-ամյա Գեղեցիկ Գրիգորյանը ծեծի է ենթարկել մանկապարտեզի տնօրենին եւ աթոռը նետել նրա ամուսնու ուղղությամբ: Իսկ գյուղապետարանի աշխատակիցը քաշել է նրա մազերը եւ ծեծել: 

49-ամյա Գեղեցիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 12-ին, չնչին առիթով, Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մանկապարտեզում, մանկապարտեզի աշխատակիցների եւ երեխաների ներկայությամբ, շուրջ 15 րոպե տեւողությամբ վիճաբանել եւ հայհոյանքներ է հասցեագրել մանկապարտեզի տնօրեն Նվարդ Գյուլումյանին, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս պարանոցի եւ թիկունքի շրջանում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը: Իսկ խուլիգանական գործողությունների ընթացքում մանկապարտեզի սենյակում դրված աթոռներից մեկը նետել է վիճաբանության ձայներից մանկապարտեզ եկած Ն. Գյուլումյանի ամուսնու` Սլավիկ Ղարսայանի ուղղությամբ, ինչի արդյունքում խախտվել է մանկապարտեզի աշխատանքի բնականոն ընթացքը:

Կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 2-րդ մասով: Իսկ գյուղապետարանի աշխատակից Սասուն Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 12-ին, իր աշխատասենյակում, մանկապարտեզի վճարի հետ կապված հարցի շուրջ վիճաբանության ու քաշքշուկի մեջ է մտել նպաստի տեղեկանք վերցնելու նպատակով գյուղապետարան եկած Գեղեցիկ Գրիգորյանի հետ, որի ժամանակ Գ. Գրիգորյանի մազերից քաշելով, բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:

Բացի այդ, նույն օրը, մանկապարտեզում տեղի ունեցած վիճաբանության հանգամանքները պարզելու նպատակով գնացել է Գեղեցիկ Գրիգորյանի առանձնատուն, որտեղ վերջինիս հետ խոսակցությունը վեր է ածվել վիճաբանության ու քաշքշուկի, որի ընթացքում նա ձեռքերով հարվածներ է հասցրել Գ.Գրիգորյանի մարմնի տարբեր հատվածներին եւ վերջինիս դստեր` 22.06.1990թ. ծնված Անի Օրդյանի մարմնի մասերին, վերջիններիս պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Նրա դեմ էլ քրեական գործ է հարուցվել 118 հոդվածի հատկանիշներով:

Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը Բերդի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել նոյեմբերի 11-ին:Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: