ՀՊՃՀ Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում-1 ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Դ. Անդրոյանն է այս անգամ էլ ներկայացնում ՀՊՃՀ-ում տիրող լարված իրավիճակը:

Ստորև կարող եք ծանոթանալ նրա արձագանքին.

Վերջերս YerevanNews.am­-ի կայքում զետեղվել են երկու նյութեր. Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի վարիչ` Աշոտ Խաչատրյանի նոյեմբերի 6-ին հրապարակած նյութին հետևել է Միջբուհական և շարունա​կական կրթության կենտրոնի տնօրեն` Արթուր Զապրոսյան նոյեմբերի 15-ի նյութը: ԶԼՄ­ներում Պոլիտեխնիկի վերաբերյալ բազմաթիվ նյութեր են արծարծվել, ինչը պայմանավորված է հայտնի հակադրությամբ ԲՈւՀ­ի ռեկտորի կոլեկտիվի մի մասի միջև: Ասված հակադրությունը չի վերացել, ավելին` սրվել է, նույնիսկ այն բանից հետո, երբ որոշում ընդունվեց աշխատավարձերի վերականգնման վերաբերյալ: Իրենց դիմումով ՀՀ Նախագահին, պրոֆեսորադասախոսական անձնակազմի շուրջ 250 աշխատակիցներ խնդրում են ազատել Արա Ավետիսյանին ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնից:

Խնդրի վերաբերյալ հրապարակումների առումով կարելի է նշել հետևյալ միտումը. Եթե նախկինում նյութերը ի հայտ էին գալիս իրար հետ չփոխկապակցված կերպով, ապա ներկայումս մի նյութի երևան գալը դառնում է պատճառ մյուսի ստեղծման համար: Դա վկայում է այն մասին, որ աստիճանաբար խմորումներ են հասունանում նաև ՀՊՃՀ կոլեկտիվի ներսում, որի մասին վկայում է պարոն Զապրոսյանի սույն թվականի նոյեմբերի 15-ի հոդվածը: Հարգելով յուրաքանչյուրի սեփական կարծիք ունենալու և արտահայտելու իրավունքը, կոչ եմ անում դադարեցնել փորձերը սեփական կարծիքը իբրև Պոլիտեխնիկի կարծիք ներկայացնելու: Ասվածս, մասնավորապես վերաբերվում է Արթուր Զապրոսյանի հոդվածի վերնագրին <...Պոլիտեխնիկի արձագանքը>, որը կարդալիս ինձ մոտ անմիջապես ծագեց հետևյալ ընդվզումը. Պոլիտեխնիկը ոչ ռեկտոր Արա Ավետիսյանն է, ոչ ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանն է, ոչ ես` դոցենտ Դավիթ Անդրոյանս, ոչ էլ առավել ևս Դուք:

Եթե իր հրապարակման մեջ (yerevannews.am) մեր համալսարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Խաչատրյանը չճշգրտված տեղեկատվություն է տարածել Ձեր անձի և Ձեր ղեկավարած կենտրոնի մասին, ապա սույն թվականի նոյեմբերի 15­ի արձագանքի տրամաբանված լինելը հասկանալի կլիներ: Այնուհանդերձ ինձ անհասկանալի է, որ Դուք Ձեր իսկ հոդվածով հաստատում եք պրն. Խաչատրյանի արտաբերած մտքերը (Տես Ա. Խաչատրյանի «Պոլիտեխնիկի ռեկտորը նախարարի հրահանգը կկատարի, երբ իրեն հարմա՞ր կլինի» հոդվածի վերջից երրորդ պարբերությունը): Որոշակի լինելու համար հարցադրումները կներկայացնեմ կետ առ կետ.

ա) Մեջբերում Ա. Զապրոսյանի հոդվածից. Նախ և առաջ ինձ զարմացնում է ՀՊՃՀ-ի ֆիզիկայի ամբիոնի վարիչի գնահատականը իմ «անորոշ կրթության» մասին։ Ա. Խաչատրյանի նշված հոդվածում «անորոշ կրթության» մասին պնդում չկա, նա պնդում է Ձեր մասնագիտացման անորոշության մասին: Ինձ զարմացնում է թե ինչպես Դուք չեք ընկալում կրթություն և մասնագիտացում բառերի բովանդակային և իմաստային տարբերությունները: Ի դեպ, Ձեր հոդվածից բխում է, որ Ձեր մասնագիտացումը իրոք անորոշ է, չեմ բացառում, որ Դուք ունեք մի շարք սերտիֆիկատներ, սակայն ոչ միայն Պոլիտեխնիկի միջավայրում, այլ ընդհանրապես անձի մասնագիտությունը կամ մասնագիտացումը որոշվում է համապատասխան դիպլոմով:

բ) Դուք փաստում եք, քիմիական ֆիզիկայի ոլորտում գիտությունների թեկնածու լինելու մասին: Համաձայնվեք, որ այդ ոլորտը հեռու է ինչպես ՏՏ այնպես էլ կառավարման ոլորտներից: Այս ամենի մեջ զարմանալին հետևյալն է, թե ինչպես է առանց համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող անձին պրն. Ավետիսյանը նշանակել նորաստեղծ կենտրոնի տնօրեն: Չէ որ պրն. Ավետիսյանը միշտ կարևորել է համապատասխանության դիպլոմների առկայությունը, օրինակ` Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) կողմից պրոֆեսորի կոչում չունենալու պատճառաբանությամբ մի շարք պրոֆեսորներ իջեցվեցին դոցենտի պաշտոնի: Հավանաբար, պրն. Զապրոսյանի նկատմամբ ռեկտորը առաջնորդվել է երկակի ստանդարտներով:

գ) Մեջբերում Ա. Զապրոսյանի հոդվածից. Այնուհետ, անտեսելով ՀՊՃՀ-ում շուրջ 20 տարվա իմ գիտամանկավարժական ստաժը, հոդվածում նշում է իմ` «Պոլիտեխնիկի միջավայրին քիչ ծանոթ» լինելու վերաբերյալ։ Կարդալով Ձեր հոդվածում, ըստ էության, ներկայացված ինքնակենսագրականը, ակնհայտ է դառնում, որ Դուք մոտ 20 տարի հանդիսացել եք այլ կազմակերպությունների և գերատեսչությունների աշխատակից: Հետևաբար` տրամաբանական է, որ Պոլիտեխնիկի միջավայրը Ձեզ գրեթե չի ճանաչում: Ի դեպ, եթե Դուք Պոլիտեխնիկում կամ այլ ԲՈւՀ­ում 20 տարի իրականացրած լինեիք Ձեր բնորոշմամբ գիտամանկավարժական գործունեություն, ապա Դուք առնվազն պետք է արժանացած լինեիք դոցենտի գիտական կոչմանը:

Ես զերծ կմնամ Ձեր ղեկավարած կենտրոնի աշխատանքների վերաբերյալ որևէ գնահատական տալուց:

Այնուհանդերձ չեմ կարող չմեկնաբանել Ձեր կողմից պրն. Խաչատրյանի կնոջ և դստեր Ձեր կենտրոն հաճախման վերաբերյալ ակնարկը, քանի որ դա ոչ կոռեկտ է, ոչ էլ տեղին: Կոռեկտության վերաբերյալ ևս մեկնաբանություններից զերծ կմնամ, քանի որ դա ավելի շատ էթիկայի դաշտից է, ինչ վերաբերում է տեղին չլինելուն, ապա այդ դասընթացներին համապատասխան վճարումների կատարման արդյունքում կարող է մասնակցել ցանկացած անձ: Ձեր ասվածը նման է հետևյալին, եթե օրինակ ֆիզկուլտուրայի կենտրոնի դահլիճներից մեկում կազմակերպվեր ֆիթնես պարապմունքներ, որին հաճախեին նույն պրոֆեսոր Խաչատրյանի կինը և դուստրը, ապա նա չպետք է տար որևէ գնահատական ֆիզկուլտուրայի կենտրոնի ընդհանուր գործունեության վերաբերյալ:

Վերջում կհավելեմ, որ եթե Դուք, այնուամենայնիվ, ապագայում կցանկանաք հրապարակավ արտահայտել կարծիք Պոլիտեխնիկում ընթացող պրոցեսների վերաբերյալ, ապա ներկայացրեք այն իբրև Ձեր անձնականը, այլ ոչ թե իբրև Պոլիտեխնիկի արձագանք, առավել ևս, երբ Դուք Պոլիտեխնիկի հիմնական աշխատող եք մոտ մեկ տարի:

Միևնույն ժամանակ կցանկանամ նշել, որ ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Խաչատրյանի աշխատանքային ողջ գործունեությունը անցել է Պոլիտեխնիկում` սկսած կրտսեր լաբորանտից, մինչև ամբիոնի վարիչ: Ի դեպ, որոշ ժամանակահատված հանդիսացել է հանրապետության ամենաերիտասարդ դոկտոր-պրոֆեսորը:

Հարգանքներով` ՀՊՃՀ <Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում-1> ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Դ. Անդրոյան