ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագողնեի հետ ունեցած զրույցի ժամանակ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարություններին, թե ինքը ստացել է 80 տոկոս ձայն, սակայն Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ խորհրդարանը ցրելու մասին է խոսում՝ ասաց. «Այ ցավդ տանեմ Սերժ Սարգսյանը ուզուրպատոր չի, երբ ուզի ԱԺ-ն ցրի, երբ ուզի չցրի: Երբ ուզի կրկնակի քվեարկություն անի, երբ ուզի՝ չանի: Դրա համար կան համապատասխան մարմիններ, դրա համար կա Սահմանադրություն, կա ԿԸՀ: Էդ մարդկանց թվում է, որ Հայաստանը դեռևս գտնվում է 90-ականների սկզբի մակարդակին»:
Էդուարդ Շարմազանովը նորմալ համարեց, որ քաղաքացիների մի մասը պետք է ձայն չտա իշխանություններին, սակայն ստեղծված իրավիճակն ամենևին էլ չի համարում ճգնաժամային:
«Ես իմ գիտակցված կյանքում այս ձևի հանգիստ, խաղաղ, ժողովրդավարական ընտրություններ չեմ տեսել»,-հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը: