Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի բուհերի ուսանողական խորհուրդների և երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչներին:
Շնորհավորելով ներկաներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Ուսանողության միջազգային օրը ևս մեկ առիթ է ընդգծելու երիտասարդության ներուժն առավել նպատակային ու արդյունավետ օգտագործելու կարևորությունը:

<<Մեր անկախության առաջին տարիներին բուհերում ձևավորված ուսանողական ինքնակառավարման մարմիններն այսօր հանդես են գալիս որպես ինքնուրույն, կազմակերպված կառույցներ՝ իրենց գործուն մասնակցությունը բերելով արդեն ոչ միայն ուսումնական հաստատությունների կառավարման և գիտակրթական գործընթացներին, այլև հասարակական կյանքի բոլոր դրսևորումներին: Եվ դա օրինաչափ է, քանզի հենց երիտասարդներին ու, հատկապես ուսանողներին է վերապահված մեր հայրենիքի և մեր սիրելի մայրաքաղաքի կայուն զարգացման ու հզորացման, ավելի հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու պատասխանատու գործի շարունակականությունն ապահովելու պատվաբեր պարտականությունը:
Ու ես վստահ եմ, որ աշխատասիրությամբ, նախանշած նպատակին հասնելու անկոտրում կամքով և անմնացորդ նվիրումով դուք կարող եք հաղթահարել ցանկացած դժվարություն
և մեկտեղելով ազգանվեր ու հայրենասեր բոլոր ջանքերը՝ ապահովել մեր երկրի հզոր և բարեկեցիկ ապագան>>,- ընդգծել է քաղաքապետը:

 Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը երիտասարդության կողքին է ու մշտապես պատրաստ լսել և քննարկել Երևանի զարգացմանն ուղղված երիտասարդների կառուցողական առաջարկները: 

Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ ներկաներին շնորհավորել են նաև միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:

 Այնուհետ, Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ Երևան քաղաքի ծրագրերում ակտիվ մասնակցություն ունենալու համար Երևանի քաղաքապետի որոշմամբ մայրաքաղաքի բուհերի ուսխորհուրդներն ու երիտասարդական ՀԿ-ները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

 

Ուսանողության միջազգային օրվան նվիրված ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արմեն Աշոտյանի և Կարեն Ավագյանի հետ միասին, ջերմ մթնոլորտում շփվել է երիտասարդների հետ և մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի կապակցությամբ` մաղթել նրանց քաջառողջություն, երջանկություն ու բարօրություն: