Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի աշխատակազմի այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 148-րդ տարեդարձի կապակցությամբ:

Զորավարի ծննդյան օրվա առիթով Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար:

Մեծ զորավարի ազգանվեր գործին անբասիր ծառայելու համար <<Զորավար Անդրանիկ>> բարեգործական հիմնադրամի խորհրդի որոշմամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է <<Զորավար Անդրանիկ>> ոսկե մեդալով, որը նրան է հանձնել հիմնադրամի նախագահ Իլյիչ Բեգլարյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Եռաբլուր պանթեոնում ծաղիկներ է դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմներին:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Անդրանիկ Օզանյանի թանգարան և ներկա գտնվել Մեծ զորավարի հիշատակին նվիրված միջոցառմանը:
