Այժմ քաղաքական պայքարի ամենաարդյունավետ ձևն այն է, որ ժողովուրդը կոնկրետ հանդես է գալիս իր խնդիրների դեմ պայքարով և այն զուգակցվում է ԱԺ-ում չորս խմբակցությունների աշխատանքով: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ստեղծված քաղաքական իրավիճակին, նման տեսակետ արտայատեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Մեզ հաջողվել է ստեղծել չորս խմբակցության և անկախ պատգամավորների համագործակցություն, որը երբևէ նախկինում չի եղել: Գլխավոր քվեարկության դրված հարցերի ժամանակ դահլիճը բաժանվում է երկու մասի, մի կողմից այդ միասնությունն է մյուս կողմից կեղծված մեծամասնությունը», - նշեց նա:
Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե եթե միասնություն կա, այդ դեպքում ինչու մասնավորապես Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը չեն հետևում խմբակցությունների դիրքորոշմանն ու այլ քայլեր են ձեռնարկում, պատգամավորը նշեց.
«Նման մանր բաների վրան չպետք է կենտրոնանալ: Դա Սահմանադրւթյամբ տրված իրավունք է ցանկացած պատգամավորի համար», - նշեց նա, հավելելով, որ որ իրենք հանրապետական կուսակցություն չունեն, որտեղ տոտալիտար կարգեր կան և բոլորը մինչև վերջ շարժվում են որոշված ձևով:
«Ոնց որոշի խմբակցությունը, այդպես էլ պետք է քվեարկի մինչ վերջին պատգամավորը: Եթե մեկը սխալ քվեարկի, նրան կկախեն: Մենք դեմոկրատական սկզբունքներ ունենք և շատ բնական եմ համարում, որ առանձին պատգամավորներ կարող են ունենալ կարծիք, որը չի համապատասխանում խմբակցության ընդհանուր կարծիքի հետ», - նշեց նա:
Զուրաբյանն ասուլիսի ընթացքում նշեց, որ առհասարակ երկրում ստեղծվել է քաոսային մի իրավիճակ: Լրագրողներից մեկի այն հարցին, թե այդ դեպքում ինչ պետք է անի իշխանությունը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, պատգամավորը կարճ կոնկրետ պատասխանեց. «Ինքնահրկիզում»: