1920 թ. հոկտեմբերի 15-ին ծնվել է նշանավոր ֆրանսիացի կինոռեժիսոր Անրի Վեռնոյը` Աշոտ Մալաքյանը: Այսօր նա կլիներ 93 տարեկան: Սա առիթ է, որ հիշենք ոչ միայն նրան, այլև էլի մի քանի ծագումով հայ կինեմատոգրաֆիստների, որոնք ավանդ ունեն ֆրանսիական կինոյում,-այս մասին գրում է kinoashkharh.am:
Անրի Վեռնոյ
Անրի Վեռնոյն այն ֆրանսիական կինոյի ներկայացուցիչն է, որը սիրում էր 60-70-ականների հանդիսատեսը: Նրա ծնողները Թուրքիայից գաղթում են Ֆրանսիա: Լիցեյն ավարտելուց հետո Վեռնոյն ընդունվում է լրագրության ֆակուլտետ: Սակայն 1946 թ. հայտնվում է նկարահանման հրապարակում որպես ռեժիսորի օգնական: Կինոն կլանեց նրա ողջ հետագա կյանքը: 1951 թ. Անրի Վեռնոյը նկարում է իր առաջին ֆիլմը` «Սեղան մեռածների համար» ըստ Մարսել Էմեի վեպի: Ֆիլմը մեծ հաջողություն է ունենում, նրա մասին սկսում են խոսել, առաջարկություններ են գալիս հոլիվուդյան պրդյուսերներից: Անրի Վեռնոյը նկարել է 60 ֆիլմ, որոնց թվում «Սիցիլիական կլանը», «Իմ թշնամու դիակը», «Կապիկները ձմռանը», «Ֆրանսուհին և սերը»:
Նրա կինոնկարներում նկարահանվել են Ժան Գաբենը, Ալեն Դելոնը, Ժան-Պոլ Բելմոնդոն, Օմար Շարիֆը և շատ ուրիշ ականավոր դերասաններ: 1956 թ. Անրի Վեռնոյի «Այսպիսի տարբեր ճակատագրեր» ֆիլմը ստացել է Հոլիվուդի բարձրագույն կինոմրցանակը` «Օսկար», իսկ 1964 թ. «Հարյուր հազար դոլար արևի տակ» կինոնկարը նվաճեց Կաննի գլխավոր մրցանակը` «Ոսկե արմավենու ճյուղը»: Երբ 2002 թ. Անրի Վեռնոյը 81 տարեկան հասակում հեռացավ կյանքից, առաջինը նրա ընտանիքին ցավակցություն հայտնեց Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: «Վերնոյը ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասնիկն է»,- ասել է նա: Անրի Վեռնոյն իր ամբողջ կյանքի ընթացքում հետաքրքրվել է Հայաստանի կյանքով: 1991 թ. նա նկարեց երկու կինոնկար` «Մայրիկ» և «Պարադի փողոց, 588», որոնցում պատմում է իր ընտանիքի կյանքի մասին: Մարսելում` Պարադի 588 հասցեում ապրել է Մալաքյան ընտանիքը:
Շառլ Ազնավուր
Համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի դերասան, կոմպոզիտոր և բանաստեղծ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. գաղթականի ընտանիքում, որը Ֆրանսիա էր գաղթել նրա ծնվելուց երկու տարի առաջ:
Շառլը 9 տարեկանից հանդես է եկել բեմում` «Փոքր ժողովրդի թատրոնում», իսկ 12 տարեկանում խաղացել է առաջին դերը կինոյում. էպիզոդիկ դեր: Երբ Շառլը դառնում է 18 տարեկան, նրա քույրը` Աիդան, նրան տանում է վարիետե, որտեղ ինքը հանդես էր գալիս: Բայց դա նրան ոʹչ փող բերում, ոʹչ հաջողություն: Նրա արտաքինը համարում էին անհամապատասխան, իսկ ձայնը` ոչ հաճելի: Բայց Շառլը չի հուսահատվում: Նա թատրոնների, կինոյի, վարիետեի մշտական այցելու էր. դրանք դերասանական համալսարան էին նրա համար: Ազնավուրն ընդունվում է Երգի ակումբ, որտեղ ծանոթանում է երիտասարդ կոմպոզիտոր և դաշնակահար Պիեռ Ռոշի հետ: Նրանք դուետ են կազմակերպում. Շառլը գրում է բանաստեղծությունները, Պիեռը` երաժշտությունը, և այդպես հանդես են գալիս Ֆրանսիայի և Բելգիայի տարբեր կաբարեներում: Այդպիսի ելույթներից մեկի ժամանակ նրանց վրա ուշադրություն է դարձնում Էդիտ Պիաֆը: Նրանք ընկերանում են: Ազնավուրը երգեր է գրում Պիաֆի համար, իսկ Պիաֆը նրանց դուետը իր հետ տանում է հյուրախաղերի: Հյուրախաղերը ԱՄՆ-ում և Կանադայում Շառլին առաջին հաջողությունն ու փառքն են բերում: Էդիտ Պիաֆի խորհրդով Շառլ Ազնավուրն անջատվում է Պիեռ Ռոշից և ինքնուրույն հանդես գալիս: Զուգահեռ երգեր է գրում Ֆրանսիայի ամենանշանավոր երգիչների համար: Առաջին անգամ նրա անունը խոշոր տառերով հայտնվում է «Մուլեն Ռուժի» ազդագրում: Շուտով Բրունո Կոկատրիկսը` նշանավոր «Օլիմպիա» համերգասրահի տնօրենը, առաջարկում է նրան 3-շաբաթյա ելույթ: Շառլ Ազնավուրը դառնում է Ֆրանսիայի թիվ 1 երիտասարդ աստղը:
1955 թ. սկսվում է Ազբավուրի կինեմատոգրաֆիական կարիերան: Նա լավագույն տղամարդու դերի մրցանակ է ստանում «Բյուրեղապակյա աստղ» ֆիլմում խաղացած դերի համար: Երկու տարի անց նա նկարահանվում է երկու ֆիլմում`Ժորժ Ֆրանժյուի «Փարիզյան մյուզիկ հոլլ» և «Գլուխը պատերի դեմ»` զուգահեռ շարունակելով երգչի կարիերան: Հետագայում խաղում է «Անցում Հռենոսով», «Կրակեք դաշնակահարին», «Սատանան և 12 պատվիրանները», «Էդիտ և Մարսել», «Հայր Գորիո» և ուրիշ ֆիլմերում: Այսօր Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի ամենանշանավոր մարդկանցից է: Նրան գիտեն և սիրում են ամբողջ աշխարհում: Նա բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, ի թիվս որոնց` Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծը», ֆրանսիական կինոյի «Սեզարը», Կահիերի փառատոնի մրցանակը: Նա Պատվավոր լեգեոնի շքանշանակիր է: Չնայած առաջացած տարիքին` Ազնավուրը շարունակում է հանդես գալ համերգներով և անգամ հյուրախաղերի է մեկնում աշխարհի տարբեր երկրներ: Նա ամբողջ կյանքում կապ է պահպանել իր պատմական հայրենիքի` Հայաստանի հետ, օգնում է հայրենիքին ևʹ բարոյապես, ևʹ նյութապես:
Սերժ Ավեդիքյան
«Արմավենու ճյուղի» դափնեկիր, ֆրանսիացի ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր և սցենարիստ Սերժ Ավեդիքյանը ծնվել է Երևանում: Նրա ծնողները ծնունդով Ֆրանսիայից են, 1947 թ. հայրենադարձվել են Խորհրդային Հայաստան, ուր 1955 թ. ծնվել է նրանց որդին: Սակայն 1970 թ. ընտանիքը որոշում է վերադառնալ Ֆրանսիա: Սերժ Ավեդիքյանն ավարտում է դրամատիկ արվեստների կոնսերվատորիան և սկսում դասավանդել Փարիզի կոնսերվատորիայում: 1976 թ. նա կազմակերպում է թատերական ստուդիա, իսկ 1988-ին` սեփական կինոստուդիան: 70-ականների վերջից Սերժ Ավեդիքյանը նկարահանվում է կինոյում: Նրա աշխատանքներից են «Լուսաբաց», «Գողացված տետր», «Գաղտնի գործակալներ», «Ճանապարհորսություն Հայաստանում», «Փարաջանով» և ևս 36 ֆիլմ:
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ