Մարդու մարմնի 70%-ը կազմված է ջրից: Այն շատ կարևոր է օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար:Օրգանիզմում ջրի քանակի նվազումը հանգեցնում է նաև քիմիական տարրերի նվազեցմանը: Ջրազրկում կարող է առաջանալ նաև ջրի քիչ քանակի կորստի դեպքում: Ախտանիշները կախված են ջրազրկման աստիճանից: Դրանք են՝ անհագ ծարավի զգացումը, գլխապտույտը, հոգնածությունը, գլխացավերը, մաշկի, շրթունքների, աչքերի չորությունը և մեզի մգացումը ու քանակի պակասը,-այս մասին գրում է doctors.am-ը:
Տարբերում են ջրազրկման թեթև աստիճան, որին բնորոշ է 1-2% ջրի կորուստը: Այն հեշտ բուժվում է ավելի շատ հեղուկ օգտագործելու միջոցով:
Չափավոր ջրազրկումը (3-5%) կարող է արտահայտվել թուլությամբ և ապատիայով:
Իսկ ծանր աստիճանի ջրազրկման դեպքում կարող է նույնիսկ լինել մահվան ելք. այն պահանջում է անհապաղ հոսպիտալացում և հեղուկի ու միներալների պակասի վերականգնում:
Ջրազրկումը ախտորոշել հնարավոր է մեզի և արյան ընդհանուր անալիզով և, իհարկե, կլինիկայով: Այն կարող է առաջանալ տարբեր պատճառներով, ինչպիսիք են` բակտերիալ և վիրուսային հիվադությունները, շոգ կլիման և ծանր ֆիզիկական աշխատանքը:
Հիվանդները, ծերերը և երեխաներն ավելի շատ են հակված ջրազրկման,այդ իսկ պատճառով նրանք ավելի շատ ջրի կարիք ունեն: Սակայն նույնիսկ առողջ մեծահասակներն օրական պետք է միջինը 8 բաժակ ջուր օգտագործեն:


