Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նոյեմբերի 19-ին, «Հայ ֆերմերների միության» նախագահ Ռոզա Ծառուկյանին պարգեւատրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը շնորհավորել է տիկին Ծառուկյանին ծննդյան 80-ամյակի առթիվ եւ բարձր է գնահատել նրա ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում. «Ցանկանում եմ, որ երկար տարիներ ապրեք Աստծո օրհնությամբ եւ հովանավորությամբ` ի փառս մեր ազգի եւ Ձեր ընտանիքի»,- շնորհավորական խոսքում նշել է նախարարը:

Այսօր` նոյեմբերի 20-ին, նախարարը Նոր Գեղի համայնքում էր: Այցելության նպատակը կրկին խորհրդանշական էր: Նոր Գեղի համայնքի մշակույթի տանը գյուղատնտեսության ոլորտի երախտավոր Ցոլակ Խաչատրյանին նվիրված հանդիսավոր հուշ-երեկոյին մասնակցում էին Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, համայնքի բնակիչները, Ցոլակ Խաչատրյանի մարտական ընկերները եւ այլ հյուրեր:

Նախարարը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում ունեցած մեծ ներդրումների եւ ծննդյան 90-ամյակի առթիվ Ցոլակ Խաչատրյանին պարգեւատրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անվանի գյուղատնտեսին մաղթել է քաջառողջություն, տոկություն ու վաստակաշատ հանգիստ: