Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«2013 թվականի նոյեմբերի 7-ին ԱԺ պատգամավորի իմ լիազորությունների շրջանակներում գրությամբ դիմել էի ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քննության առնելու համար այն տեղեկությունները, որ ս/թ նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ում ինձ փոխանցել էին նոյեմբերի 5-ի գործի շրջանակներում ձերբակալված Շանթ Հարությունյանը եւ Վարդան Վարդանյանը: Վերջիններս ինձ հայտնել էին, որ նոյեմբերի 5-ի երեկոյան ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում բռնության են ենթարկվել անձամբ ՀՀ ոստիկանութան պետ Վ. Գասպարյանի կողմից: Շանթ Հարությունյանն ինձ ասել էր, որ բռնության է ենթարկվել նաեւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի կողմից:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը ս/թ նոյեմբերի 20-ին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ իմ կողմից ՀՔԾ պետին հասցեագրված գրության հիման վրա իրականացվել է հետաքննություն, որի արդյունքներով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Նշված որոշման մեկ օրինակը ուղարկվել է ինձ, որը ստացել եմ:
ՀՔԾ հայտարարության եւ կայացված որոշման վերաբերյալ լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան հարկ եմ համարում հայտնել հետեւյալը.
1. Քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշման մեջ ասվում է, որ 2013թ. նոյեմբերի 9-ին (մեջբերում եմ) «բացատրություններ են վերցվել Շանթ Հարությունյանից (…): Շանթ Հարությունյանը հրաժարվել է բացատրություն տալուց, հարցերին պատասխանելուց, իր փաստաբանի ներկայությամբ հայտնելով եւ անձամբ արձանագրելով, որ դրա պատճառն այն է, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի ԿԳԲ-ի պատվերով՝ քաղաքական հաշվեհարդար իրականացնելու համար, որը պայմանավորված է իր քաղաքական եւ գաղափարական հայացքներով» (մեջբերման ավարտը):
Նոյեմբերի 9-ին, ինչպես հայտնել եմ ավելի վաղ, ինքս էլ այցելել եմ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ հանդիպում եմ ունեցել Շանթ Հարությունյանի հետ: Վերջինս ինձ հայտնել է, որ այդ օրը իրեն այցելել են ՀՔԾ-ից, եւ ինքը նրանց հարցերին ի պատասխան արել է երկու հայտարարություն.
ա) ինքը իսկապես ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանին հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում բռնության է ենթարկվել անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանի եւ ոստիկանության պետի տեղակալ Հ. Պողոսյանի կողմից:
բ) ինչպես այս, այնպես էլ նոյեմբերի 5-ի գործի շրջանակներում ինքը հրաժարվում է նախաքննության մարմնին ցուցմունքներ տալ եւ իր բոլոր հայտարարությունները կանի հրապարակային դատաքննության ընթացքում:
Ըստ ամենայնի բ) կետում նշված հայտարարութունն է ձեւակերպել ՀՔԾ քննիչը, ինչը տրամաբանական հարց է առաջացնում. Ինչո՞ւ իր որոշման մեջ չի հիշատակել Շանթ Հարությունյանի արած առաջին հայտարարությունը:
2. Նույն որոշման մեջ քննիչը թվարկել է Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի մարմնի վրա առկա վնասվածքները, հաստատելով դրանց առկայությունը: Միեւնույն ժամանակ գրել է, թե Շանթ Հարությունյանը եւ Վարդան Վարդանյանը դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտարարել են, թե մարմնական վնասվածքները ստացել են Մաշտոցի պողոտայում քաշքշոցի ընթացքում: Քննիչի ձեւակերպումից հասկանալի չէ՝ խոսքը գրավո՞ր, թե բանավոր հայտարարության մասին է: Վերստին անհասկանալի է, թե ինչու պետք է բացատրություն տալուց հրաժարվող անձինք հանդես գային իրավապահ մարմիններին խիստ ձեռնտու հայտարարություններով:
3. ՀՔԾ-ն քրեական գործի հարուցումը մերժելու իր որոշման մեջ հիշատակել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանի մամլո խոսնակի հայտարարությունը, թե Շանթ Հարությունյանը եւ մյուս ձերբակալվածները ՄԻՊ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ոստիկանապետի կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ տեղեկություն չեն հայտնել, ինչպես նաեւ ՁՊՎ-ում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Ս. Իսկանդարյանի նույնաբովանդակ հայտարարությունը: Այդ տեղեկությունները, ինչպես քննիչը գրել է իր որոշման մեջ, վերցվել են ԶԼՄ-ներից: ՀՔԾ-ն, սակայն, ոչ մի հիշատակում չի արել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հայտարարության մասին, որ նա արել էր նոյեմբերի 11-ին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում Շանթ Հարությունյանին հանդիպելուց հետո: Հիշեցնեմ, որ Սաքունցը հայտարարել էր, որ Շանթ Հարությունյանը իրեն նույնպես հայտնել է անձամբ ՀՀ ոստիկանության պետի եւ նրա տեղակալի կողմից բռնության ենթարկվելու մասին:
4. Այս ընթացքում բազմաթիվ հարցեր հնչեցին, թե ինչու Շանթ Հարությունյանը Ոստիկանապետի եւ նրա տեղակալի կողմից բռնության ենթարկվելու մասին ոչինչ չի հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին, որոնք այցելել են ՁՊՎ: Այս կապակցությամբ հարկ եմ համարում հայտնել հետեւյալը.
ա) ինքս մեկ տարի 11 ամիս գտնվել եմ ազատազրկման վայրերում՝ քաղբանտարկյալի կարգավիճակով եւ բազմիցս հանրությանն ահազանգել եմ ՔԿՀ-ում իմ նկատմամբ տեղի ունեցած ապօրինությունների մասին: Այս ընթացքում, սակայն, ոչ մի անգամ այդ ապօրինությունների մասին որեւէ տեղեկություն չեմ հայտնել ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներին, որովհետեւ համարել եմ, որ իմ իրավիճակում գտնվող մարդը չի կարող վստահել այդ մարմնի ներկայացուցիչներին:
բ) այսօր ՄԻՊ գրասենյակում աշխատում է Ավետիս Ավետիսյան անունով քաղաքացի, ում տեսել եմ նաեւ ս/թ նոյեմբերի 6-ին ՁՊՎ-ում, եւ տեղեկացել, որ նա ՁՊՎ է այցելել Շանթ Հարությունյանենց գործով, ՄԻՊ արագ արձագանքման խմբի հետ: Հարկ եմ համարում ընդգծել, որ Ավետիս Ավետիսյանին ճանաչում եմ անձամբ. 2010 թվականին նա եղել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ եւ հետաքննիչ, ունի մայորի կոչում: Ավետիսյանը <Կոշ> ՔԿՀ-ում իմ դեմ իրականացված հետապնդումների անմիջական մասնակից է, իմ նկատմամբ կայացված մի շարք ապօրինի որոշումների տակ դրված է հենց նրա ստորագրությունը: Հենց Ավետիսյանն է կոծկել 2010 թվականի նոյեմբերի լույս 12-ի գիշերը անհայտ դիմակավորված անձանց կողմից ինձ վրա տեղի ունեցած հարձակումը, այնքանով, որքանով հենց ինքն է վարել գործի հետաքննությունը: Նրա իրականացրած հետաքննությունների արդյունքում են կայացվել ինձ նկատողություն հայտարարելու մասին «Կոշ» ՔԿՀ պետի որոշումները, այդ թվում պատժախուց տեղափոխելու: Վերը շարադրվածի ֆոնին այս տեղեկությունը ստանում է առանձնակի կարեւորություն:
5. Հատուկ քննչական ծառայությունը Քրեական գործի հարուցումը մերժելու որոշման հիմքում դրել է Ոստիկանության Կենտրոնի բաժնի մի շարք աշխատակիցների բացատրություններ: Այդ բացատրությունները չեն կարող համարվել արժանահավատ, քանի որ տրվել են Ոստիկանության պետի նկատմամբ սուբորդինացիոն ենթակայություն ունեցող մարդկանց կողմից:
Ելնելով վերը նշվածից՝ Շանթ Հարությունյանի հայտարարությունների կապակցությամբ Քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ որոշումը համարում եմ չհիմնավորված: Միեւնույն ժամանակ՝ համարում եմ, որ նոյեմբերի 5-ի գործով կալանավորված անձանց տեսակցությունների վրա դրված արգելքը, որ կիրառվում է ՀՀ ոստիկանության պետի ենթակայության տակ աշխատող քննիչի որոշմամբ, նպատակ ունի խոչընդոտել նոյեմբերի 7-ի իմ գրության մեջ հիշատակված հայտարարությունների օբյեկտիվ նախաքննության ընթացքը, եւ այս փուլում ծառայել է իր նպատակին:
Միեւնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ միջոցներ ձեռնարկել նոյեմբերի 5-ի գործով կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության համար: